Աշխարհի խոշորագույն բանկերն ու վերլուծական կենտրոնները նոր մաքսատուրքերի պատճառով կտրուկ մեծացրել են Միացյալ Նահանգներում ռեցեսիայի (աստիճանական ետաճման) հավանականության աստիճանը։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երբ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հայտարարեց ներմուծման մաքսատուրքերի մասին, յոթ առաջատար ներդրումային բանկեր անմիջապես ավելացրին ԱՄՆ-ում տնտեսական անկման ռիսկի իրենց կանխատեսումները։
Օրինակ, J.P. Morgan-ն իր կանխատեսումը 40%-ից բարձրացրեց 60%-ի։ Goldman Sachs՝ սկզբում 20%-ից մինչև 35%, իսկ հետո մինչև 45%, հայտնում է DW-ն։ Ամերիկյան S&P Global վերլուծական կորպորացիան, որի մեջ մտնում է Standard & Poor's վարկանիշային գործակալությունը, իր կանխատեսումը 25%-ից բարձրացրել է 30-35%-ի։ Բրիտանական HSBC բանկը մաքսատուրքերի պատճառով ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականությունը գնահատում է 40%:
ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի ռիսկի մասին զգուշացրել են նաև Bank of America-ն, Royal Bank of Canada-ն, բրիտանական Barclays-ը, գերմանական Deutsche Bank-ը և շվեյցարական UBS-ը:
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Բազային դրույքաչափը կազմում էր 10%, բայց շատ պետությունների համար դրանք ավելի բարձր են: Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը կազմել են 34%, ԵՄ երկրներից՝ 20%, Շվեյցարիայից՝ 31%, Իսրայելից՝ 17%, Ղազախստանից՝ 27%։ Բացառություններ են արվում միայն մի շարք երկրների, դրանց թվում՝ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի և Բելառուսի համար։ 25% հարկ է մտցվել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների և պահեստամասերի նկատմամբ։
Մաքսատուրքերի ներդրումը համաշխարհային ֆինանսական և ապրանքային շուկաներում հանգեցրել է լուրջ անկման։ Նյու Յորքում ապրիլի 4-ին Dow Jones-ի ինդեքսը հասել է 2024 թվականի կեսերից ի վեր ամենացածր մակարդակին։ Շաբաթվա կորուստները գերազանցել են 8%-ը՝ սա ինդեքսի համար վերջին տարիների ամենաանշահավետ շաբաթն է։
Ճապոնական Nikkei ինդեքսը, որը ներառում է 225 ընկերություն, ապրիլի 7-ի առավոտյան նվազել է ավելի քան 8%-ով: Առավոտյան առևտրի ընթացքում զգալի կորուստներ են գրանցվել Չինաստանի, Հոնկոնգի և Ավստրալիայի բորսաներում: Գերմանական DAX ֆոնդային ինդեքսը ապրիլի 7-ին սակարկությունների սկզբում նվազել է գրեթե 10%-ով։




























