Թեեւ օրերս Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը հայտարարեց, թե վերջին շաբաթներին ՀՀ ԿԲ-ն չափից դուրս պահուստներ է ծախում դոլարի փոխարժեքի աճը զսպելու համար, եւ եթե այդպես շարունակվի` «լուրջ պրոբլեմներ կունենան», սակայն դա որեւէ ազդեցություն չի ունեցել ԿԲ-ի վրա: Մասնավորապես` վերջին օրերին Կենտրոնական բանկը փոխարժեքը արհեստականորեն կայուն պահելու նպատակով ամեն օր մոտավորապես 6-10 միլիոն դոլար են վաճառում իրենց պահուստներից: Ընդ որում, այդ պահուստները ձեւավորվում են նույն ԱՄՀ տրամադրած վարկային միջոցներից: ԱՄՀ ներկայացուցիչն ասել էր նաեւ, որ եթե ԿԲ-ն այսպես շարունակի, իրենք կարող է Հայաստանին հատկացվող վարկի հերթական չափաբաժինը չտալ:

Այս առնչությամբ NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն ասաց. «ԿԲ-ն դա անում է երկու նկատառումներից ելնելով, առաջին որպեսզի տարվա ավարտին թույլ չտա արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության ավելի վատթարացում, երկրորդ. գնաճի զսպման համար, որպես քաղաքականության գործիք: Այսինքն, որպեսզի ցույց տա տարեկան գնաճի այնպիսի ցուցանիշ, որն իբր տեղավորվում է տրամաբանության կամ նախատեսված ծրագրի շրջանակներում: Իրականում այս պահին գնաճը 9 տոկոս է, որը բարձր է ծրագրային ցուցանիշից»: