Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն Ամանորը անցկացնելու է հայրենիքում, տանը, հարազատների հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ամանորյա նախապատրաստություններից միայն խմիչքն է ինքը գնում, իսկ մնացածը հոգում է կինը: Մարզպետի ընտանիքի ամանորյա սեղանի ծախսը 500 հազարից ավել է: Իսկ թե ինչպես է կարողանում մարզպետի 230 հազարանոց աշխատավարձով հոգալ այդ ծախսերը, Կովալենկո Շահգալդյանը բացատրեց, որ իր ընտանիքի անդամները ունեն բիզնեսներ, եւ հետեւաբար` ապրելակերպի համար հավելյալ միջոցներ:Փաստորեն` նրան չեն սպառնում նաեւ «հունվարյան անփող օրերը». «Ոնց էլ լինի` հունվարին ապրելու համար ես անձնական միջոցներ կխնայեմ, ես հաշվենկատ անձնավորություն եմ»,- ասաց մարզպետը;
Գյումրիի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Ամանորը դիմավորելու է Երեւանում` երեխաների եւ կնոջ հետ միասին: Հարցին, թե որքա՞ն է կազմում իրենց Ամանորի սեղանի ծախսը, նա խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել տիկնոջը, քանի որ ինքը դրանով չի զբաղվում: «Ցանկացած հայ ընտանիք էլ, կարող է դա ավելորդություն է, բայց վերջին կոպեկը ծախսում են, որ ամենալավ սեղանը լինի, որը ես չեմ ընդունում»,- ասաց նա` հավելելով, որ ինքը վերջին կոպեկը չի ծախսում: Նա պաշտոնյաներից ոչ մեկի տուն չի գնում`շնորհավորելու, եթե, իհարկե, դրանց շարքում չկան մտերիմ ընկերներ: Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ամանորը դիմավորելու է Երեւանում:Նա ամանորյա նախապատրաստություններին մասնակցում է այնքանով, ինչքանով պետք է, եւ գումար է հատկացնում, եւ գնումներ է կատարում: «Ամանորը ընտանեկան տոն է,եւ մեզ մոտ ընդունված է այն մշտապես տանը նշել: Երբ ծնողներս կենդանի էին, բոլորով հավաքվում էինք ծնողներիս հետ»,- ասաց նա` հավելելով, որ իրենց ընտանիքի ամանորյա ծախսը կազմում է մոտ 200 հազար դրամ:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը



























