Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շաբաթ օրը կրկին հայտարարել է, որ Իսրայելը «այլ ելք չունի», քան Գազայում մարտական գործողությունները շարունակելը և չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի ոչնչացրել ՀԱՄԱՍ-ը, չի ազատել պատանդներին և չի ապահովել, որ այդ տարածքը սպառնալիք չլինի Իսրայելի համար, հաղորդում է Associated Press-ը:

Իսրայելի վարչապետը նաև կրկնել է իր խոստումն այնպես անել, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չունենա։

Հայտարարության մեջ նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի վերջին առաջարկը՝ ազատ արձակել պատանդների կեսին ևս մեկ ժամանակավոր զինադադարի դիմաց:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ կարձակի մնացած պատանդներին միայն Իսրայելի զորքերի դուրսբերման և երկարաժամկետ զինադադարի դիմաց, ինչպես պահանջում է համաձայնագիրը, որը Իսրայելը խզել է:

Գազայի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ Իսրայելի հարվածները 48 ժամվա ընթացքում ավելի քան 90 մարդու կյանք են խլել։ Իսրայելական զորքերը սաստկացնում են գրոհները, որպեսզի «ՀԱՄԱՍ-ին ստիպեն ազատ արձակել պատանդներին և զինաթափվեն»։

Հիվանդանոցի անձնակազմի տվյալներով, գիշերվա ընթացքում զոհված 15 մարդկանց թվում են երեխաներ և կանայք:

Զոհվածներից առնվազն 11-ը գտնվում էին հարավային Խան Յունիս քաղաքում, նրանցից մի քանիսը ՝ Մուվասի շրջանում գտնվող վրանում, որտեղ հարյուր հազարավոր տեղահանված մարդիկ են ապրում, հայտնել են հիվանդանոցի աշխատակիցները: Իսրայելն այն հռչակել էր հումանիտար գոտի։