Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շաիբանին չորեքշաբթի Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիան բաց է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերություններ զարգացնելու համար՝ հավելելով, որ երկու երկրներն էլ բարձր մակարդակի ուղիղ բանակցություններ են վարում։

Ալ-Շաիբանին հայտարարել է նաև, որ Վաշինգտոնի պահանջները, որոնք կարող են հանգեցնել պատժամիջոցների վերացմանը, մեծ մասամբ համապատասխանում են Սիրիայի կառավարության սկզբունքներին՝ հավելելով, որ կառավարությունը մերժում է «պատժամիջոցների քաղաքականացումը»։

ԱՄՆ պաշտոնյաները Al Arabiya-ին հայտնել են, որ սպասվում է՝ բարձրաստիճան դիվանագետը երեքշաբթի կհանդիպի ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների հետ։

«Մենք Ամերիկայի հետ շատ ընդհանուր շահեր ունենք,-նշել է աշ-Շաիբանին Al Arabiya-ին տված հարցազրույցում։ -Ամերիկայի հետ ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցություններ են ընթանում»։

Նա անդրադարձել է նաև Սիրիայի պատրաստակամությանը՝ բոլոր երկրների հետ բաց քաղաքականություն վարելու հարցում։ Ռուսաստանի և Չինաստանի վերաբերյալ, որոնք երկրի նախկին նախագահ Բաշար աշ-Ասադի դաշնակիցներն են, աշ-Շաիբանին հայտարարել է, որ Սիրիան «ցանկանում է հավասարակշռված հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա», և որ այն նաև ցանկանում է օգտվել Ռուսաստանի «քաղաքական, տնտեսական և ռազմական ազդեցությունից»։ Անդրադառնալով Պեկինի հետ հարաբերություններին՝ նա նշել է. «Մենք պետք է համագործակցենք Չինաստանի հետ առաջիկա վերականգնման շրջանում»։

Նա կրկին հայտարարել է, որ Սիրիան որևէ սպառնալիք չի ներկայացնի տարածաշրջանի, դրանց թվում՝ Իսրայելի համար, և Իսրայելի գործողությունները Սիրիայում «անընդունելի» է անվանել։