Եվրամիությունը մշակում է «պլան Բ» հակառուսական պատժամիջոցները պահպանելու վերաբերյալ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարի Ուկրաինայում խաղաղ բանակցություններից դուրս գալու եւ Մոսկվային մոտենալու մասին։ Այս մասին Financial Times (FT) թերթին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը։
Եվրոպան կարծում է, որ ԱՄՆ-ը դիտարկում է «Ուկրաինան լքելու» հնարավորությունը եւ փորձում է գործարք կնքել Ռուսաստանի հետ, քանի որ բանակցային գործընթացը չափազանց բարդ է, ասել է Կալասը։ Նրա խոսքով՝ «պլան Բ»-ն ուղղված է Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը շարունակելուն, եթե անգամ Հունգարիան արգելափակի ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը հուլիսին։ «Կա նաեւ պլան Բ, բայց մենք պետք է աշխատենք պլան Ա-ի վրա, քանի որ հակառակ դեպքում դուք կկենտրոնանաք պլան Բ-ի վրա, այնուհետեւ այն իրականություն կդառնա»,- պարզաբանել է դիվանագետը՝ ավելացնելով, որ բանակցությունները Վաշինգտոնի եւ այլ գործընկերների հետ հակառուսական պատժամիջոցների ռեժիմը պահպանելու համար, շարունակվում են։
Եվրոպական որոշ մայրաքաղաքներ քննարկում են՝ արժե՞ արդյոք հետեւել ԱՄՆ-ին, եթե նա «լքի» Ուկրաինան եւ վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նրանք հույս ունեն, որ «այլեւս ստիպված չեն լինի աջակցել Ուկրաինային»,- ասել է Կալասը։ Նա դա անվանել է «կեղծ հույս» եւ ընդգծել, որ Կրեմլը բանակի վրա ծախսում է Ռուսաստանի ՀՆԱ ավելի քան 9 տոկոսը եւ «կուզենա նորից օգտագործել այն»։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ ԵՄ-ը կարող է ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային ԱՄՆ դուրս գալու դեպքում, սակայն առանց ամերիկացիների դժվար կլինի «լրացնել բացերը» Կիեւ ռազմական մատակարարումների հարցում։ Եվրոպան շարունակում է փորձել համոզել ԱՄՆ-ին, որ «այս պատերազմի ելքը բխում է նաեւ նրանց շահերից»,- ասել է Կալասը։ Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ ոչ մի երկիր չի համաձայնի Ղրիմի ճանաչմանը որպես ռուսական, ինչը նախկինում քննարկվել է Վաշինգտոնում, իսկ Կիեւում կտրականապես մերժվել է։
«Ինչ վերաբերում է Եվրոպային, մենք դա նորից ու նորից ասում ենք… Ղրիմը Ուկրաինա է: Ամերիկացիներն իրենց ձեռքում ունեն գործիքներ, որոնք կարող են օգտագործել Ռուսաստանի վրա այս պատերազմը դադարեցնելու հարցում ճնշում գործադրելու համար: Նախագահ Թրամփը հայտնել է, որ ցանկանում է, որ սպանությունները դադարեցվեն»,- ասել է Կալասը։




























