«Роснано» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը Մոսկվայի արբիտրաժային դատարանում հայտարարել է, որ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի մարտը Անատոլի Չուբայսի Ռուսաստանում երբևէ ունեցած բոլոր անշարժ գույքը իր կողմից օտարվել է, հաղորդում է РИА Новости-ն։

«Ընդհանուր առմամբ, բոլոր այն օբյեկտները, որոնք Չուբայսը երբևէ ունեցել է իր ամբողջ կյանքի ընթացքում, իսկ դա 32 անշարժ գույքի օբյեկտ է, օտարվել են կարճ ժամանակահատվածում՝ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի մարտը», -նշել է փաստաբանը։

Ըստ նրա՝ այս ժամանակահատվածը համընկնում է «մամուլում լայն հրապարակման հետ», որ «Роснано»-ի նոր ղեկավարությունը գլխավոր դատախազության միջոցով նախորդ ղեկավարության գործունեության հետաքննություն է սկսում։

Հիշեցնենք, որ Չուբայսը լքել է Ռուսաստանը 2023 թվականին։

2023 թվականի մարտին Չուբայսը կնոջ՝ Ավդոտյա Սմիռնովայի հետ նկատվել է Ստամբուլի բանկոմատ ի մոտ, իսկ մայիսին՝ Իսրայելի Ներքին գործերի նախարարությունում։ Պնդում էին, որ Չուբայսը Իսրայելի քաղաքացիություն է ստացել, սակայն նա հետագայում հերքել է դա։ Սեպտեմբերին Չուբայսին նկատել են Ռիգայում։

Ռուսաստանից հեռանալուց հետո Չուբայսը սկսել է ներկայանալ որպես բրիտանացի գիտնական։ Նա  «Вопросы экономики» հանդեսում «Չվճարումները 1990-ականների Ռուսաստանի տնտեսությունում. անկանխատեսելի ինստիտուտ» վերնագրով հոդված է հրապարակել։ Հեղինակի մասին տեղեկության բաժնում Չուբայսը նկարագրվում է որպես «անկախ հետազոտող Գլազգոյից, Մեծ Բրիտանիա»։