Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Սարգսյանին արդարացնելու փորձերը, թե նա ներկայիս իրավիճակը ժառանգություն է ստացել, այնքան էլ հասկանալի չեն, քանի որ այս ընթացքում ցանկացած վատ «ժառանգություն» կարելի էր ուղղել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ինչպիսի ժառանգություն էլ որ Սերժ Սարգսյանը ստացած լինի, նրա պատասխանատվության բաժինը որեւէ կերպ չի նվազում, նա բացարձակ իշխանության կրողն է եւ ի վիճակի էր ուղղել ստեղծված իրավիճակը»,- հայտարարել է Մարտիրոսյանը: Ընդ որում, նա չի կարծում, թե Տեր-Պետրոսյանի ելույթում նախընտրական նոտաներ կային: «Մինչեւ 2012թ. խորհրդարանական ընտրույթունները եւս 2,5 տարի կա, եւ իրավիճակը երկրում կարող է արմատապես փոխվել: Բացի այդ, կարծես, Հայ ազգային կոնգրեսը, որի առաջնորդն էլ Տեր-Պետրոսյանն է, չի հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից»,- նկատեց պատգամավորը:

Մարտիրոսյանը նաեւ նշեց, թե չի համարում Ժիրայր Սեֆիլյանի՝ Տեր-Պետրոսյանի հասցեին ուղղած քննադատությունը ՀԱԿ-ի պառակտման ահազանգ: "Պատասխանելով հարցին, ինչով է պայմանավորված Տեր-Պետրոսյանի ելույթին Ռոբերտ Քոչարյանի արագ արձագանքը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Փոխադարձ մեծ սիրով»:

Նշենք, որ իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, քննդատելով գործող վարչախումբն ու ընդդիմության շարքերում գտնվող Դաշնակցությանը, զուգահեռ փորձեց պաշտպանել Սերժ Սարգսյանին, հայտարարելով, թե նա բոլոր հարցերում չէ, որ մեղավոր է, քանի որ ծանր ժառանգություն է ստացել Ռոբերտ Քոչարյանից: Այդ ելույթը կտրուկ քննադատության էր արժանացել Ժիրայր Սեֆիլյանի կողմից: