Շվեդ լրագրող Յոակիմ Մեդինը, որը ձերբակալվել էր Թուրքիայում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքով, ազատ է արձակվել և ուղևորվում է Շվեդիա, հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

Մարտի վերջին SVT հեռուստաալիքը, հղում անելով Dagens ETC հրատարակության գլխավոր խմբագրին, հայտարարեց, որ Մեդինը, որը Ստամբուլ էր մեկնել երկրում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու, ձերբակալվել է։ Կարճ ժամանակ անց լրագրողը հաղորդագրություն ուղարկեց հրատարակության գլխավոր խմբագրին, որ իրեն տանում են հարցաքննության։ Ավելի ուշ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը պարզաբանեց, որ լրագրողը ձերբակալվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու և ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով, այլ ոչ թե իր մասնագիտական ​​գործունեության համար։ Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ Մեդինը ապահովել է մամուլի և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև հաղորդակցությունը։

«Շվեդ լրագրող Յոակիմ Մեդինը Թուրքիայից Շվեդիա է վերադառնում տուն։ Նա մի քանի ժամից վայրէջք կկատարի», - գրել է Շվեդիայի առաջնորդն X սոցիալական ցանցում։

Քրիստերսոնը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը և իր եվրոպացի գործընկերներին այս խնդիրը լուծելու համար։