Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, ընդունելով Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի քաղաքացի Էլհան Չիրագովի հայցը, կոչված է լուծելու տարածքային իրավասության հարց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է իրավաբան Արա Ղազարյանը:

Հունվարի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել երկու հայց` հայ եւ ադրբեջանցի փախստականներից: Խոսքը Լաչինի նախկին բնակիչ Էլհան Չիրագովի եւ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի մասին է: Հայցերն ընտրվել են ավելի քան հազարավոր հայցերի միջից: Երկու հայցերն էլ ներկայացվել են ՄԻԵԴ-ին 2000-ի կեսերին` 2005-ին եւ 2006-ին: Երկու դեպքում էլ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով գույքի կորստի մասին: Չիրագովի հայցը պարունակում է որոշ ազգային եւ կրոնական դրույթներ: Ակնկալվում է, որ երկու գործով էլ որոշում կընդունվի ընթացիկ տարվա մեջ:

Ինչպես նշել է իրավաբան Արա Ղազարյանը, վարույթ ընդունելով Չիրագովի հայցը, ՄԻԵԴ-ն պետք է լուծի տարածքային իրավասության հետ կապված հարցը: «Չիրագովի իրավունքների ենթադրվող խախտումը Հայաստանի տարածքում չի տեղի ունեցել»,-հիշեցրել է իրավաբանը, նշելով, որ երկու հայցն էլ քաղաքական ենթատեքստ ունեն: Չիրագովի դեպքում ՄԻԵԴ-ն պետք է պատասխանի այն հարցին, թե կարո՞ղ է Հայաստանը պատասխանատվություն կրել ենթադրվող խախտման համար, որը տեղի է ունեցել ոչ իր տարածքում: Միաժամանակ, ՄԻԵԴ-ն լիազորություններ չունի դիտարկելու այդ գործը, որը վերաբերում է այն երկրների, որոնք Մարդու իրավունքների Կոնվենցիայի անդամ չեն: Լեռնային Ղարաբաղի դեպքում իրադրությունը հենց այդպիսին է: Ինչ վերաբերվում է Սարգսյանի գործին, ապա ադրբեջանական կողմը որպես «հակափաստարկ» պնդում է, որ Շահումյանի շրջանի տարածքը չի վերահսկվում իր կողմից: «Դա ծիծաղելի պնդում է: Բոլորին պարզ է, որ 1993-ից Շահումյանի շրջանը օկուպացվել է եւ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այդպիսով, պարիտետը չի պահպանվում եւ ադրբեջանական կողմի պնդումները ծիծաղելի են»,-նշել է Արա Ղազարյանը:

Նրա խոսքով, երկրորդ խոչընդոտը կարող է լինել ժամկետի երկարացումը մինչեւ 6 ամիս, որը սահմանված է ՄԻԵԴ դիմելու համար: Այդ դեպքը տեղի է ունեցել 1993-ին, բայց կողմերը դիմել են 2005-06 թվերին: ՄԻԵԴ-ի կարծիքով, սակայն, գործը կարող է դիտարկվել, քանի որ կողմերը սկզբում սպասել են հակամարտության ռազմական փուլի ավարտին, այնուհետեւ, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գրանցվող առաջընթացը, որոշել են դիմել: ՄԻԵԴ-ն հաշվի առնելով, որ խախտումները շարունակվում են, ընդունել է հայցը:

«Ընդհանուր առմամբ, երկու որոշումներն էլ (վարույթ ընդունելու վերաբերյալ) նման են: Կարծում եմ, որ ՄԻԵԴ-ն հետագայում եւս կպահպանի պարիտետը»,-եզրափակել է Արա Ղազարյանը: