Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել հայագիտության զարգացման հայեցակարգը: Դրանում հայագիտությունը բնորոշվել է որպես գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է հայոց լեզուն եւ գրականությունը, պատմությունը, հայ ժողովրդի նյութական եւ հոգեւոր մշակույթը:
Հայագիտության զարգացումը հատկապես կարեւորվում է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը ամրապնդելու տեսանկյունից:
Այս ռազմավարության շրջանակներում նախատեսվում է 2012-15 թթ. իրականացնել մի շարք քայլեր, մասնավորապես.
- Հիմնել «Բանբեր հայագիտության» հնգալեզու պարբերական:
- Ստեղծել հայագիտական հաստատությունների համագործակցությունը կազմակերպող գիտական խորհուրդ:
- Ստեղծել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ:
- Գրաբարի, սեպագիր քաղաքակրթությունների ու մեռած լեզուների` լատիներենի, հին հունարենի, հին վրացերենի, օսմաներենի, ինչպես նաեւ պարսկերենի, արաբերենի, թուրքերենի, ժամանակակից վրացերենի եւ ադրբեջաներենի ուսումնասիրում:
- Հայագիտական սկզբնաղբյուրների թվայնացում, էլեկտրոնային ռեսուրսների ստեղծում եւ շահագործում:




























