Գրիգորի Չխարտիշվիլին կամ Բորիս Ակունինը բացահայտել է իր եւս երկու գրական կեղծանունները: Պարզվում է, վերջին 4 տարում նա ստեղծագործել է Աննա Բորիսովա եւ Անատոլի Բրուսնիկին կեղծանուններով:

Այդ հեղինակների գրքերը լույս է ընծայել «ԱՍՏ» հրատարակչությունը` «Հեղինակներ» նախագծի շրջանակներում: Կեղծանունների օգտագործումը գրողը բացատրել է նրանով, որ ինչ-որ պահի ցանկացել է գրել այլկերպ, քան` Ակունին. նոր ժանրի ստեղծագործությունների համար պետք էր հորինել նոր հեղինակների:

«ԱՍՏ» հրատարակչությունը պարտավորվել է չբացահայտել նոր ստեղծագործությունների իսկական հեղինակի անունը, սակայն գայթակղված գրականագետներին խաբելն այնքան էլ դյուրին չէ: Գրական շրջանակներում նոր ստեղծագործությունների հեղինակի մասին համառորեն ասեկոսեներ էին շրջանառվում:

 «Կենդանի ամսագրում» կատարած իր գրառման մեջ Ակունին-Չխարտիշվիլին  մանրամասն խոսել է կին հորինված գրող Բորիսովայի մասին, որի ստեղծողը հենց ինքն է. «Ձանձրալի է այն գրողը, որը չի ցանկանում կին գրողի դերում հանդես գալ: Ես պատկերացրել եմ ազատության տարիք թեւակոխած կրթված կնոջ, որի երեխաներն արդեն մեծացել են, միտքը հասուն է, բնավորությունը` ձեւավորված: Նրա ամուսինն ապահովված է, այսինքն` կինը ծանրաբեռնված չէ հանապազօրյա գոյության խնդիրներով:  Նա գրում է հաճախ ձանձրույթից  (ինչպես ճապոնական Հեյանի դարաշրջանի տիկնայք), իսկ հաճախ էլ, երբ ուզում է աշխարհի հետ կիսել իր ներսում տարիների ընթացքում կուտակված զգացմունքներն ու մտքերը», - գրել է նա: Նա նույնիսկ  դեմք է տվել նոր կին գրողին` «դա մորֆինգի արտադրանք, հետեւանք է, իմ եւ իմ կնոջ` Էրիկայի դեմքի միջեւ միջին դիտակետ»:

Այդ ընթացքում նրա անունով հրատարակվել են 3 sտեղծագործություններ` «Այնտեղ...», «Ստեղծագործողը» եւ «Տարվա եղանակները»: Անատոլի Բրուսնիկին գրողի ճակատագրի մասին Ակունինը խոստացել է պատմել հաջորդ հաղորդման մեջ` նշելով, որ դա արդեն այլ պատմություն է:

Բրուսնիկինի անունով առաջին վեպը  լույս է տեսել 2008 թվականին: Այն մեծապես գովազդվում էր «ԱՍՏ» հրատարակչության կողմից, որն էլ առիթ էր տալիս մտածելու, որ այդ կեղծանվան տակ իսկապես հայտնի գրողն է թաքնված, գրում է lenta.ru-ն:

Մեկ գրողի կողմից տարբեր ժանրի  ստեղծագործությունների համար  տարբեր կեղծանունների օգտագործումը գրականության մեջ նոր երեւույթ չէ: Այդ գործում ռեկորդակիր է համարվոիմ պորտուգալացի բանաստեղծ Պեսոսը, որն իրեն տարրալուծել է բազմաթիվ հերոսների կերպարներում: Նրանցից գլխավորներ են բանաստեղծներ Ալբերտո Կաեյրոն, Ռիկարդո Ռեյսը եւ Ալվարո դը Կամպոսը: