Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը 10 տարով բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել գերմանական SEFE (Securing Energy for Europe) պետական էներգետիկ ընկերության հետ, հաղորդել է ադրբեջանական ընկերության մամուլի ծառայությունը։
«Փաստաթղթի համաձայն՝ գազի տարեկան մատակարարման ծավալները աստիճանաբար կավելանան մինչեւ 15 տերավատտ ժամ (ՏՎտժ), այսինքն՝ գրեթե 1.5 միլիարդ խորանարդ մետր։ Այս համագործակցությունը կաջակցի արտադրության եւ ենթակառուցվածքների, այդ թվում՝ գազային կոմպրեսորների ոլորտում կատարվող ներդրումներին, որոնք կապահովեն Եվրոպա մատակարարվող խողովակաշարային գազի ծավալի աճը, եւ դրանով իսկ՝մայրցամաքի էներգաանվտանգությունը»,- նշվել է հաղորդագրությունում։
Մատակարարումները կսկսվեն արդեն 2025թ.: SEFE-ն նախկինում կոչվում էր «Գազպրոմ Գերմանիա» եւ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն էր: SEFE-ի գործադիր տնօրեն Էգբերտ Լեգեի խոսքով՝ «այս համաձայնագիրը Գերմանիայի եւ Ադրբեջանի միջեւ լավ հարաբերությունների հաստատումն է»: «Այս գործընկերությամբ մենք ստեղծում ենք նոր ուղի Եվրոպա մեծ ծավալի գազի փոխադրման համար, դիվերսիֆիկացնում ենք մեր պորտֆելը եւ բարձրացնում մեր հաճախորդների մատակարարման անվտանգությունը», - նրա խոսքերը մեջբերվել են SEFE կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
Իր հերթին, SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆն ընդգծել է, որ ենթակառուցվածքներում եւ արտադրական հզորություններում ներդրումներ կատարելով՝ ադրբեջանական ընկերությունը կշարունակի իր գործընկերներին ապահովել հուսալի եւ անխափան էներգամատակարարմամբ:





























