«Կարող եք թուշս քաշել, դիմակ չունեմ»,- նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, դերասան Վլադիմիր Կոստանյանի կողմից իր հասցեին արված այն հայտարարության մասին, թե վերջինս շուտով պատրաստվում է «պատռել Հմայակ Հովհաննիսյանի դիմակը»:

Նշելով, որ Վլադիմիր Կոստանյանը «դաբրո ստանալու համար» միշտ էլ ձգտել է հաճոյանալ իշխանությանը՝ ծառայություններ մատուցելով նրան, Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ նա, պարզապես, իշխանությունների երկրպագուն է եւ, մտահոգ իշխանության շարքերում իր տեղը գրավելու մտքով՝ «վախենում է, թե չի հասցնի տեղ զբաղեցնել իշխանության կերակրատաշտակ շուրջ»:

Հարցին, թե ի՞նչ հակափաստարկներ է բերելու նա դատարանում՝ իրեն դատի տված Վ. Կոստանյանի կողմից ներկայացվող մեղադրանքների դեմ, Հ. Հովհաննիսյանը հայտարարեց. «Դա բացարձակ աբսուրդ է։ Ոչ մի փաստարկ էլ չեմ ներկայացնելու, եւ եթե դատարանը նրա հայցը բավարարի, նշանակում է՝ մենք երբեք դուրս չենք գա „ծուռ հայելիների“ թագավորությունից»: