ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ուրբաթ հայտարարել է, որ Իսրայելի դաշնակիցների համար «շատ կարեւոր է» աշխատել Իրանին ուղղված հարվածներից հետո լարվածության թուլացման ուղղությամբ, հաղորդում է AFP-ն։

«Կարծում եմ, որ շատ դաշնակիցների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների համար կենսականորեն կարևոր է աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ, քանի որ մենք խոսում ենք դրա մասին։ Գիտեմ, որ նրանք դա անում են, և կարծում եմ, որ դա այժմ առաջնահերթություն է։ Սա Իսրայելի կողմից միակողմանի գործողություն էր», - ասել է Ռյուտեն՝ խոսելով Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ։

Նրա խոսքով՝ «հստակ է, որ իրավիճակը արագ է զարգանում»։

Իր հերթին Քրիստերսոնն ասել է, որ Մերձավոր Արևելքն արդեն իսկ գտնվում է «շատ լուրջ և լարված իրավիճակում»։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել է Իսրայելին, որ այն կբախվի «դառը և ցավոտ» ճակատագրի հարվածների պատճառով, որոնց հետևանքով զոհվել են երկրի ռազմական շտաբի պետը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը և առաջատար միջուկային գիտնականներ։

Իսրայելի զինված ուժերը ավելի ուշ հայտարարեցին, որ Իրանը պատասխանել է Իսրայելի ուղղությամբ 100 անօդաչու թռչող սարքեր արձակելով, և որ իր հակաօդային պաշտպանությունը որսացել է դրանք Իսրայելի տարածքից դուրս։