Բաքվի Խաթայիի շրջանում` ՆԶՍ ավանում, այսօր` հունվարի 12-ին, բնակիչները ելույթներ են կազմակերպել ընդդեմ Ադրբեջանի Պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւի, ում կողմից իրականացվող քայլերի հետեւանքով բազմաթիվ բնակիչներ հայտնվել են փողոցում, հաղորդում է «Ենի Մուսավաթը»:

Հիշեցնենք, որ Ռովնագ Աբդուլաեւի կարգադրությամբ քանդվում են Խաթայիի շրջանի բնակելի շինությունները, որի հետեւանքով էլ 168 ընտանիք դրսում է հայտնվել:

Կազմակերպված ցույցի ժամանակ, որին մասնակցել է մոտ 3 հարյուր մարդ, կոչ է արվել նախագահ Իլհամ Ալիեւին կասեցնել այդ անօրինական գործընթացը եւ թույլ չտալ մարդկանց զրկել իրենց բնակարաններից:

Միաժամանակ բողոքի ալիք են բարձրացրել նաեւ Բաքվի Նարդարան համայնքի բնակիչները: Նրանք դժգոհությունն էլ կապված է Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի գործունեության հետ: Վերջինս այդ տարածքում նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ զրկել է բնակիչներին իրենց տներից` չվճարելով որեւէ փոխհատուցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում են բնակելի շենքերի քանդման աշխատանքները, Շամսի Բեդելբեյլի, Ֆիզուլի փողոցների, Նեֆթչիլեր պողոտայի բնակիչներին բնակարաններից զրկելուց հետո, այժմ հերթը հասել է Յուսուֆ Սաֆարով փողոցին: Վերոնշյալ փողոցի վրա նախատեսվում է կառուցել Ոստիկանության գլխավոր վարչության նոր շենքը, իսկ դրա արդյունքում 56 ընտանիք Ամանորի նախօրեին զրկվել է բնակարանից եւ հայտնվել փողոցում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, դա եւս արվում է Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի, իսկ ավելի ստույգ նրա որդու` գործարար Անար Մամեդովի վերահսկողության ներքո: