Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում հունվարի 17-ին կայացվեց Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը։
Հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց, սակայն դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում էկայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Դինքի փաստաբաններից Արզու Բեջերիքը նիստից առաջ շեշտել է, թե եթե այսկերպ ավարտվի դատը, այն կլինի խիստ թերի, քանի որ հեռահաղորդակցության վարչության կողմից ուղարկված հեռախոսային ձայնագրությունները պատշաճ չեն ուսումնասիրվել, մի շարք անձիք չեն ներառվել դատական գործընթացին։
Նշենք, որ թուրքական դատարանը ավելի վաղ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:
Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։




























