Երբ որեւէ քաղաքացի դատարանից հետ է վերցնում իր բողոքը, դրանով ընդունում է իր մեղավոր լինելու հանգամանքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե մի շարք քաղբանտարկյալներ մտադիր են Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հետ վերցնել իրենց ներկայացրած բողոքները:

«Դատարանում բողոքարկել որեւէ վճիռ կամ գործողություն, նշանակում է, որ մարդը չի ճանաչում դատարանի վճիռը եւ համարում է իրեն անմեղ: Այն պարագայում, երբ որեւէ քաղաքացի հետ է վերցնում իր բողոքը, դրանով ամբողջությամբ ընդունում է այն վճիռը, որ կայացվել է: Այսինքն ընդունում է մեղավոր լինելու հանգամանքը»,- նշեց Կարապետյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նման հայտարարությամբ հանդես էր եկել «7-ի գործով» դատապարտված Սուրեն Սիրունյանը: Վերջինս նշել էր, որ ինքը եւ այլ քաղբանտարկյալներ հետ են վերցնում իրենց բողոքները` չցանկանալով գործիք լինել Հայ ազգային կոնգրեսի ձեռքին: Սիրունյանը, սակայն, չէր հայտնել մյուս անձանց անունները: