NEWS.am-ի հարցազրույցը ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ

Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հանրապետական դառնալու փաստը եւ ընդհանրապես երկրում առկա կուսակցական համակարգը:

Մեկ անձի կուսակցական դառնալը, անկախ նրանից նա վարչապետ է, թե այլ պաշտոնյա, ոչինչ չի փոխում ոչ այդ կուսակցության մեջ, ոչ էլ առավել եւս` երկրի կյանքում, հատկապես, հաշվի առնելով, թե ինչ վիճակում է գտնվում երկրի բազմակուսակցական համակարգը: Այն կարծես ձեւավորվել է որպես Ռուսաստանի նախկին վարչապետ Չեռնոմիրդինի հետեւյալ խոսքերի վառ ապացույց. ամեն անգամ ցանկանում ենք ստեղծել նոր կուսակցություն, բայց ստացվում է կոմունիստական` իր ամենավատ դրսեւորումներով: Ցավոք սրտի Հայաստանում բազմակուսակցական համակարգը ոչ միայն չկայացավ, այլեւ այլասերվեց եւ այսօր շատ ու շատ կուսակցությունների համար հստակ ծրագիր, գաղափարախոսություն, սկզբունքներ, արժեքներ գրեթե գոյություն չունեն, փոխարենը` անձի պաշտամունքի զավեշտալի դրսեւորումներ, որոնց կնախանձեր անգամ Բրեժնեւը, խմբակային շարունակական գզվռտոց, տգիտություն, խարդավանքներ ու ամբաստանություններ, «իշխանություն` հանուն փողի եւ փող` հանուն իշխանության» բանաձեւի լիակատար կենսագործում, ամեն ինչի պարզունակ առեւտուր, քաղաքական քննարկումների ու գործընթացների լիակատար բացակայություն, եւ այլն, եւ այլն: Բազմակուսակցական համակարգի վիճակը, թերեւս, Հայաստանի ամենամեծ թերությունն է ու թուլությունը եւ հենց այստեղ պետք է փնտրել շատ ու շատ թերությունների ու սխալների պատճառը: Ի վերջո, թե իշխանությունն է ձեւավորվում այդ համակարգից, թե նրան հակակշիռ ընդդիմությունը: Կուսակցություններն ուղղակի դարձել են ձեւական կառույցներ, քող տարատեսակ ոչ քաղաքական խմբավորումների միջեւ պետական կառավարման համակարգի բաժանման համար, դրանից ստացվող արտոնությունների բաշխման մեխանիզմներ` ձեւական ընտրությունների միջոցով: Ընտրությունների անընդունելի որակը, որի մասին շատ է խոսվում, նույնպես բխում է բազմակուսակցական համակարգի չկայացվածությունից:

Իսկ երբ Դուք իշխող Հանրապետական կուսակցության անդամ էիք, այդ խնդիրները չկայի՞ն:

Եթե փորձեիք մինչ հարցազրույցի գալը կարդալ, օրինակ՝ 2004-2008 թվականների Հայաստանի ներքաղաքական կյանքին, բազմակուսակցական համակարգին վերաբերվող իմ հարցազրույցներն ու հոդվածները, 2006թ. հրատարակված «Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա» մենագրությունը, կտեսնեիք, որ նման զարգացումների վտանգների մասին միշտ խոսել եմ:

Միաժամանակ, պարզ է, որ ժամանակի գործոնն այստեղ շատ կարեւոր է: Իրավիճակները` այսօր, մեկ տարի կամ երեք, չորս տարի առաջ միանգամայն տարբեր են: Ժամանակի ընթացքում վտանգներն ու մարտահրավերները վերաճում են լուրջ թերությունների եւ հիվանդությունների, եթե դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ քայլեր չեն արվում: Հենց դրա ականատեսն ենք մենք այսօր: Կուսակցական աշխատանքը չափազանց լուրջ գիտելիքներ ու հմտություններ է պահանջում, մասնագիտական աջակցություն, միչդեռ շատ-շատերն այսօր պատկերացնում անգամ չունեն դրանց մասին: Նրանք գիտեն միայն այն, ինչ տեսել ու սովորել են կոմունիստական կուսակցության կամ կոմերիտմիության շարքերում` այդ կազմակերպությունների ամենավատ շրջանում, եւ փորձում են հենց նման մեխանիզմներ ու մեթոդներ կիրառել իրենց կուսակցություններում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա ես ոչ միայն վտանգների ու մարտահրավերների մասին խոսել եմ, այլեւ ներկայացրել եմ դրանցից խուսափելու առաջարկություններ, այդ թվում եւ գրավոր, վերջինը` 2008-ի մայիսին: Չեմ ցանկանում Հանրապետականի մասին երկար խոսել, կարծում եմ վերջին երեք-չորս տարիների էական փոփոխությունները` հատկապես նախկին կոմերիտական ակտիվիստների թվի կտրուկ աճը ղեկավար մարմիններում, շատերն են նկատել: Մինչդեռ կուսակցության ակունքներում բոլորովին այլ դավանանք ունեցող մարդիկ էին կանգնած:

Ժամանակին կար բազմակուսակցական համակարգի զարգացման երկու ճանապարհ. մեկը` երբ աստիճանաբար կայանում ու ամրանում են կուսակցությունները, մյուսը` երբ մարտահրավերներն ու վտանգները ավելի ու ավելի խորանում են եւ ի վերջո հանգեցնում են այլասերման: Ցավոք սրտի համակարգը գնաց երկրորդ ճանապարհով:

Գուցե պատճառն այն է, որ Հայաստանում ընտրություններ տեղի չե՞ն ունենում, որտեղ կուսակցությունները կմրցակցեն:

Ճիշտ հակառակը, Դուք պատճառն ու հետեւանքը խառնում եք եւ դա տարածված մոլորություն է: Ի վերջո, ընտրությունները անցկացնում են կուսակցությունները, ոչ թե ընտրություններն են կուսակցություններ ստեղծում: Ի դեպ, կա եւս մեկ մոլորություն. Ընդդիմությանը թվում է, թե ինքն անթերի է եւ իշխանությունն է բոլոր դժբախտությունների ու սխալների կրողն ու պատճառը, իշխանությանն էլ թվում է ճիշտ հակառակը: Իրականում ե՛ւ ընդդիմադիր ե՛ւ իշխանական կուսակցությունները մեկ ամբողջական օրգանիզմի տարբեր մասեր են եւ հիվանդություններն էլ ընդհանուր են: Եթե որեւէ մեկն ընդդիմությունից թերություններ է տեսնում իշխանության մեջ, ապա սա իր համար պետք է ահազանգ լինի, որ ընդդիմության ներսում եւս նման թերություններ ու հիվանդություններ կան: Նույնը պետք է նաեւ իշխանությունը տեսնի:

Բայց չէ՞ որ ընտրությունները կեղծում է ոչ թե ընդդիմությունը, այլ` իշխանությունը:

Ընտրությունների որակը հետեւանք է, այլ ոչ թե պատճառ: Ընտրական շրջանում առավել ցայտուն են երեւում այն թերությունները, որոնք ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում կուտակվում են տարբեր ոլորտներում` բազմակուսակցական համակարգ, իրավապահ մարմիններ, ԶԼՄ-ներ, դատարաններ եւ այլն: Քանի որ ընտրությունների ընթացքում է այս ամենը միաժամանակ դրսեւորվում, թյուր տպավորություն է ստեղծվում, թե ընտրություններն են պատճառը: Ցավոք, մեր իրականության մեջ իշխանությունը կուսակցությունների համար դարձել է նպատակ, որին հասնելու համար միջոցների միջեւ խտրականություն չի դրվում, մինչդեռ կայացած կուսակցությունների համար իշխանությունը միջոց է տարբեր ծրագրեր իրագործելու եւ խնդիրներ լուծելու համար: Ասում եք իշխանությունն է կեղծում ընտրությունները, բայց այսօրվա ընդդիմության մեջ կան մի շարք կուսակցություններ, որոնք եղել են իշխանություն: Այդ ինչպե՞ս եղավ, որ այն ժամանակ իրենք կեղծվող ընտրությունների կողմնակից էին, հիմա` արդար ընտրությունների: Որովհետեւ իշխանությունը նպատակ է, ու երբ մարդիկ տիրանում են իշխանությանը, ամեն բան մոռանում են՝ ե՛ւ ծրագրեր, ե՛ւ նպատակներ, ե՛ւ սկզբունքներ, ե՛ւ արժեքներ: Երբ կորցնում են իշխանությունը` հիշում են դրանց մասին:

Ուրեմն դա Ձեզ է՞լ է վերաբերում, քանի որ Դուք նույնպես եղել եք իշխանության մեջ:

Նախ բազմակուսակցական համակարգի կամ անգամ մեկ կուսակցության մասին խոսելիս մատնանշվում են երեւույթները, մինչդեռ դա չի նշանակում, որ կուսակցությունների անդամները ինկուբատորից դուրս եկած ճտերի նման միմյանցից չեն տարբերվում: Բնական է, որ երեւույթին վերաբերվող ընդհանրական գնահատականը չի կարելի բոլորի վրա տարածել: Ավելին, թե՛ իշխանության մեջ, թե՛ ընդդիմությունում գործող կուսակցություններում կան մարդիկ, ովքեր այդ երեւույթները հիանալի տեսնում են եւ ում համար այդ ամենը ընդունելի չէ, ոմանք էլ փորձում են ուղղել: Ինչ վերաբերվում է ինձ, ապա կարծում եմ ակնհայտ է, որ եթե ինձ համար իշխանությունն ամեն ինչից վեր լիներ, ապա այսօր էլ այնտեղ կլինեի: Եվս մեկ անգամ խորհուրդ կտամ կարդալ անցած տարիներին հրապարակված իմ հոդվածները եւ կհամոզվեք, որ իմ սկզբունքներն ու մոտեցումները երբեք պաշտոնից ու դիրքից կախված չեն եղել:

Այսինքն 1999-ին, 2003-ին կամ 2008-ին Դուք իշխանության մեջ լինելով հայտարարել եք, որ ընտրությունները կեղծվե՞լ են:

Ընտրությունները թերություններ ունեցել են, եւ դրանց, ինչպես նաեւ դրանց պատճառների մասին ես խոսել եմ միշտ: Իսկ թե դրանք որքան են թերի, այլ հարց է: Յուրաքանչյուր անձ եւ մարմին կարող է մանրամասն գնահատականներ տալ այն չափով, ինչ չափով տեղյակ է իրադարձություններին: Իհարկե, լավագույն դեպքն այն է, երբ գնահատականներ են տալիս իրավասու մարմինները, օրինակ՝ դատարանները:

Իսկ այն ժամանակ Դուք հավատացե՞լ եք ընտրությունների հետ կապված դատարանի վճիռներին:

Նախ, ինչպես մեր, այնպես էլ բազմաթիվ երկրների սահմանադրություններ վեճերի լուծման այդ մեխանիզմն են նախատեսում` անկախ այս կամ այն երկրում դատական համակարգի որակից: Իսկ եթե խոսքը մեր երկրի դատական համակարգի մասին է, ես մշտապես փաստել եմ, այն նույնպես չկայացած համակարգ է եւ ավելորդ է խոսել այդ համակարգի անաչառության եւ անկախության մասին:

Բայց չէ՞ որ այդ տարիներին, դուք ընտրությունների հետ կապված հղում էիք անում դատարանների վրա ասելով, թող դատարանը որոշի:

Դուք ենթադրում եք, որ ես նման հղում եմ արել եւ ուզում եք, որ այդ ենթադրությունը հաստատեմ: Եթե ինչ որ բան ունեք անցյալի հետ կապված, խնդրեմ, կոնկրետ ասեք, ո՞ր ելույթում, ո՞ր հարցազրույցում եմ նման բան ասել: Ես գաղտնի չեմ գործել եւ հրապարակել եմ տարբեր հոդվածներ:

Այսինքն նման բան երբեւէ չե՞ք ասել:

Ընդհանրապես, ճիշտ է, որ որեւէ երկրում որեւէ կառույց ինքն անի այն, ինչն իր պարտականությունն է: Եթե վատ է անում, ուրեմն պետք է բացահայտենք դա եւ պահանջենք, որ լավ անի: Բայց հնարավոր չէ, որ դատարանի գործը, օրինակ, լրագրողն անի կամ որեւէ պաշտոնյա ուղղորդի: Յուրաքանչյուր կառույց եւ անձ պետք է խստորեն գործի իր լիազորությունների շրջանակում եւ պատասխանատու լինի իր ընդունած որոշումների համար: Միայն այդ դեպքում է հնարավոր ակնկալել , որ մի օր մեր դատարանները կլինեն այնպիսին, որ հասարակությունը չկորցնի հավատն արդարության նկատմամբ:

Ի դեպ, հիշեցնեմ, որ 2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո փաստորեն մեր երկրի դատական համակարգի անուղղակի մաս է դարձել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ուր դիմում են մեր քաղաքացիները, երբ սպառվել են խնդիրների վիճարկման ներպետական բոլոր ընթացակարգերը: Հետեւաբար, դատարանների մասին խոսելիս այս հանգամանքը եւս պետք է հաշվի առնել:

Բայց քաղաքական գործիչներն էլ լիազորված են գնահատականներ տալ դատարանի գործունեությանը:

Ես գնահատականներ տվել եմ:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն ինչպե՞ս եք գնահատում:

Եթե մեկ նախադասությամբ, ապա ելույթը բազմաթիվ հակասական դրույթներ է պարունակում եւ մի շարք թերություններ ունի: Օրինակ, արձանագրությոններին դեմ տեսակետները երկու խմբի դասակարգելը աղավաղում է իրականությունը եւ հետապնդում է սոսկ հատվածական` Կոնգրեսի շահերից բխող նպատակներ: Սակայն նման ելույթներին ամբողջական գնահատական տալու համար պատշաճ է ավելի մանրամասն եւ առանձին անդրադարձ:

Ելույթից հետո բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին, թե Լ. Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից: Դուք նման տպավորություն ստացե՞լ եք:

Ցավոք սրտի, Հայաստանում կան մասնագիտություն չունեցող մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ ստանձնել են ֆուտբոլային հանդիսատեսի դեր եւ տնայնագործական մակարդակով զբաղվում են «վերլուծություններով» ու խորհուրդներով: Հավանաբար ոգեւորվել են ֆուտբոլային դիվանագիտությունից եւ որոշել ողջ քաղաքական դաշտը վերածել ֆուտբոլայինի: Իհարկե, չպետք է անտեսել նաեւ Հայաստանում ոչ պակաս տարածում ստացած պարզունակ պատվերների միջոցով իբր հասարակական կարծիք ստեղծելու փորձերը: Վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանալու որեւէ մտադրություն չունի: Ըստ այդ ելույթի, կարելի է ենթադրել, որ անցած մոտ երկու տարվա գործունեությունը հանգեցրել է որոշ հետեւությունների եւ այժմ փորձ է արվում սրբագրել սխալներն ու բացթողումները եւ այլ ուղիով հասնել այն նպատակին, որը Կոնգրեսը հետապնդում է: