Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 19-ին ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Յանեշ Լենարչիչին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան — ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվել է գրասենյակի աջակցությունը ընտրական գործընթացների բարելավման եւ դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում:

Էդվարդ Նալբանդյանն ու Յանեշ Լենարչիչը անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԺՀՄԻԳ-ի տնօրենի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա` նշելով, որ դա ԵԱՀԿ-ի չափանիշների բացահայտ խախտում է: