Դատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից, թե Բաքուն պատրաստ է պատերազմ սկսել, եւ որ Զանգեզուրն ու ողջ Հայաստանը Ադրբեջանի տարածք են, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Մյունխենում կայանալիք հանդիպումից դրական առաջընթաց ակնկալել պետք չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, նման հայտարարություններն Ադրբեջանի ներսում այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որի առկայության պարագայում է դժվար է սպասել, թե Ալիեւը կառուցողական քայլեր կկատարի: «Նա դարձել է իր ստեղծած իրավիճակի գերին»,- նշել է Մանոյանը՝ հավելելով, թե քանի Բաքուն չի հայտարարել, թե ԼՂՀ-ի Ադրբեջանի տարածքից դուրս գտնվելու հանգամանքը կարող է դիտարկվել որպես հակամարտության լուծման տարբերակ, դրական շարժեր չեն լինելու: «Այսօր Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂՀ հարցով կոշտացել է, եւ ավելի խիստ է դարձել»,- նշեց նա:




























