Ժամանակակից քաղաքակրթությունը հորինել է «նվազագույն սպառողական զամբյուղը»: Եթե ընտանիքի եկամուտը ցածր է այդ զամբյուղի պարենային մթերքների արժեքից, ապա ընտանիքը համարվում է «շատ աղքատ»: Եթե եկամուտը ցածր է ամբողջ «զամբյուղի» արժեքից, ապա ընտանիքը համարվում է «աղքատ», եթե բարձր է, ապա արդեն` «ոչ աղքատ»: Սակայն աղքատությունը հարաբերական հասկացություն է: Եթե քաղաքացիների բարեկեցությունը չափենք նույն սկզբունքով, ապա Լիխտենշտեյնի աղքատը կլինի ամսական 3738 եվրո եկամուտ ունեցողը: Հայաստանի «զամբյուղի» արժեքը մոտ 75 եվրո է` գրեթե 50 անգամ քիչ:

Լիխտենշտեյնն այդ ցուցանիշով համաշխարհային առաջատար է: Իսկ Մոսկվայում «զամբյուղը» հայկական դրամով արտահայտած կազմում է 114 հազար դրամ: Հայաստանի ցուցանիշը 38 հազար դրամ է: Հացից բացի, բոլոր այլ մթերքների համեմատության մեջ Հայաստանը զիջում է: Մսամթերքով հայկական «զամբյուղը» ռուսականին զիջում է 9 կգ-ով, իսկ ձկով` տարեկան գրեթե 11 կգ-ով, ձվի նորման զիջում է մոտ 30 հատով, բանջարեղենը` մոտ 20 կգ-ով, կարտոֆիլը` մոտ 70 կգ-ով: Հայաստանի «զամբյուղում» ձկան օրական նորման 2,5 գրամ է: Հացից բացի մխիթարանք է նաեւ միրգը, որի ցուցանիշով Հայաստանի «զամբյուղը» գերազանցում է ռուսականը 22 կգ-ով, իսկ հացի ցուցանիշով` 37,5 կգ-ով:

Նշենք, որ ռուսական «զամբյուղը» եւս համարվում է խիստ աղքատիկ: Անցած տարի անցկացված ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ ռուսական «զամբյուղով» ապրելու դեպքում կարելի է զգալի քաշ գցել: 

Ռուսական «զամբյուղի» օրական էներգետիկ արժեքը 2236,7 կիլոկալորիա է, հայկականինը` 2232: Գրեթե հավասար արժեքն ապահովում է հայկական «զամբյուղում» հացի հսկայական բաժինը: Մեր «զամբյուղում» կալորիականության գրեթե 60 տոկոսն ապահովում է հենց հացամթերքը:

Հայաստանի նվազագույն սպառողական զամբյուղի կառուցվածքը Համաշխարհային բանկի մեթոդոլոգիայով է: Այդ կազմակերպության առաքելությունն է աղքատության դեմ պայքարը: Առաքելություններից է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Համաշխարհային բանկի գնահատմամբ` աշխարհում միջոցների տարեկան «վատնումը» մոտ մեկ տրիլիոն դոլար է: Հենց այդքան է կոռուպցիայի հասցրած վնասը: Այստեղ տեղին կլիներ կառուպացիայի դրսեւորում համարել նաեւ Հայաստանի «զամբյուղի» կառուցվածքը:

«Transparency International»-ը 2011-ին Հայաստանում կոռուպցիայի ինդեքսը պահպանել է 2,6-ը: 3-ից ցածր ինդեքսը նշանակում է, որ տվյալ երկրում կոռուպցիան ունի համակարգային բնույթ:

Հայաստանում համակարգային բնույթ ունեն միայն կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները: Իսկ արդյունքները հայտնի չեն: Հայտնի է միայն, որ նախորդ երկու տարիներին երկրում զգալիորեն աճել է աղքատությունը, ինչը կարելի է ուղղակիորեն կապել տնտեսական բլոկի գերատեսչությունների անբավարար գործունեության հետ:

Վերջում նշենք, որ զարգացած երկրների նվազագույն սպառողական զամբյուղները ներառում են մի քանի հարյուր ապրանքներ եւ ծառայություններ: Գերմանիայում դրանց թիվը հասնում է 475-ի: Հայաստանի «զամբյուղում» արտացոլված են միայն պարենային ապրանքների մակրոխմբերը, մնացածը հաշվարկվում է տոկոսներով` այդ խմբերի նկատմամբ: «Գերէժան» պարենային զամբյուղից է բխում նվազագույն սպառողական զամբյուղի չափազանց ցածր արժեքը: Աղքատության հաղթահարման հայկական «հաջողությունների» հիմքում հենց այդ հանգամանքն է: Այնպես որ հայկական «զամբյուղը» աղքատության դեմ իրական պայքարի գլխավոր խոչընդոտներից մեկն է: