Չորեքշաբթի օրը Սինգապուրի բանտում մալայզիացի թմրավաճառ է կախաղան հանվել։ Դա երկու շաբաթվա ընթացքում իրականացված արդեն երկրորդ մահապատիժն է եղել, ինչի արդյունքում քաղաք-պետությունում այս տարվա ընթացքում իրականացված մահապատիժների թիվը հասել է 12-ի, չնայած մահապատիժը վերացնելու ուղղությամբ ճնշումներին, հայտնում է Associated Press-ը։

Մահապատժի դեմ պայքարող սինգապուրցի ակտիվիստ Քիրսթեն Հանը հաստատել է, որ 38-ամյա Պաննիր Սելվամ Պրանթհամանը մահապատժի է ենթարկվել Չանգի բանտում։

Պաննիրը 2014 թվականին ձերբակալվել է 52 գրամ հերոին պահելու համար, իսկ 2017 թվականին դատապարտվել է մահապատժի։ Նրա մահապատիժը սկզբում նախատեսված է եղել փետրվարին, սակայն հետաձգվել է չլուծված իրավական խնդիրների պատճառով։

Մալայզիայի ոստիկանությունը սեպտեմբերի 27-ին հարցաքննել էր Պաննիրին, այն բանից հետո, երբ նրա փաստաբանները պնդել են, որ նա տեղեկություններ է տրամադրել իրեն թմրանյութեր մատակարարող անձանց մասին: Սա հույս էր ներշնչել, որ նրա մահապատիժը կհետաձգվի նոր հետաքննության համար։ Այնուամենայնիվ, Մալայզիայի Ներքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Պաննիրը ոստիկանությանը որևէ նոր հետք չի տրամադրել հետագա հետաքննության համար:

Նա մահապատժի է ենթարկվել այն բանից հետո, երբ դատարանը մերժել է նրա վերջին բողոքարկումը և նրան չի հաջողվել նախագահական ներում ստանալ։