ԱՄՆ-ը կշարունակի առաջիկայում եւս օժանդակել մեր երկրի զարգացմանն ուղղված քայլերին: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, Երեւանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր համագործակցությունը ձեր նախորդ պաշտոնակցի հետ բավականին արդյունավետ էր, ունեինք անկեղծ եւ բարեկամական երկխոսություն: Համոզված եմ, որ այդ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն նաեւ առաջիկայում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ռուբինն ասել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ «Հազարամյակի մարտահրավեր»  կորպորոցիայի ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ: «Քանի որ այդ ծրագրի առաջին փուլը ՀՀ-ում մեծ հաջողությամբ է իրականացվել, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այդ աշխատանքներն իրենց շարունակությունն ունենան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը թե հրապարակավ, թե առանձնազրույցների միջոցով շարունակելու է հորդորել Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, sահմանների բացման, Հայաստանի հետ ավտոտրանսպորտային եւ երկաթուղային կապերի ստեղծման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տնտեսության, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ բնագավառներում համագործակցությանը: Քննարկվել են նաեւ ՀՀ-ում այրվող թերթաքարերի պաշարների հնարավոր շահագործմանը վերաբերող հարցեր: