Երեք մարդ զոհվել եւ 14-ը, այդ թվում երեխաներ, տուժել են Մոսկվայի հարավ-արեւմուտքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթունի եւ հրդեհի հետեւանքով։ Պայթյունը որորտացել է մետրոյի «Կուզմինկա» կայարանից ոչ հեռու գտնվող հինգհարկանի շենքի բնակարաններից մեկում։ Դրա հետեւանքով հրդեհ է առաջացել, շինության ներսում փլուզումներ են եղել։

Քննությամբ պարզվել է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել. քրեական գործ է հարուցվել «անզգուշության հետեւանքով մահ պատճատելու» հոդվածով։ Ահաբեկչության վարկածը հանվել է շրջանառությունից։

Ինչպես ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը, դեպքի վայր են ժամանել հրշեջ մի քանի հաշվարկ եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ովքեր մարել են կրակը եւ տարհանել մարդկանց։ Դեպքի վայրում աշխատել են «Շտապ օգնության» տասը մեքենաներ։

Հրդեհի մակերսը կազմել է 100ք/մ։ Փլուզվել է 50ք/մ մակերեսով տարածք ցոկոլային եւ առաջին հարկերի միջեւ։ Պայթյունի հետեւանքով տուժել է երեք շքամուտքերից միայն մեկը։ Մյուս երկու շքամուտքերի բնակիչները սկզբում տարհանվել, իսկ հետո վերադարձել են իրենց տներ։