Միջազգային գիտական խումբը, օգտագործելով գեոմագնիսական տվյալների վերլուծություն, պարզել է մոտավորապես 41 000 տարի առաջ տեղի ունեցած գլոբալ գեոմագնիսական անոմալիայի զգալի ազդեցությունը վաղ Homo sapiens-ի էվոլյուցիայի և հարմարվողականության վրա։
Այս երևույթը, որը հայտնի է որպես Լաշամպ-Քարինգթոնի էքսկուրս, տեղի է ունեցել պլեյստոցենի վերջում և ներառել է Երկրի մագնիսական բևեռների քաոսային տեղաշարժ՝ մագնիսական դաշտի ուժի զգալի նվազմամբ, որը հասել է այսօրվա մակարդակի 10%-ին, հաղորդում է Planet Today-ը։
Մագնիսոլորտի ուժը կարևոր է մոլորակն արևային քամուց պաշտպանելու համար։ Դրա նվազումն ազդել է շրջակա միջավայրի վրա՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակի բարձրացման միջոցով։ Արդյունքում, բևեռափայլերի պայծառ ճառագայթումը տեսանելի է դարձել ամբողջ աշխարհում, իսկ բաց օդում մնալը վտանգավոր է դարձել մարդկանց համար։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակի աճը առաջացրել է մաշկի այրվածքներ և տեսողության խնդիրներ, ինչպես նաև աճել է քաղցկեղի առաջացման ռիսկը։ Homo sapiens-ն արձագանքել է դրան՝ ակտիվորեն օգտագործելով քարանձավները որպես ապաստարան, կրելով պաշտպանիչ հագուստ և օգտագործելով բնական հանքային գունանյութեր (օքրա և այլն)՝ մաշկը վնասակար ճառագայթումից պաշտպանելու համար: Հնագիտական և պալեոանթրոպոլոգիական ուսումնասիրությունները հաստատում են այս հարմարվողական մեխանիզմների ակտիվացումը տվյալ ժամանակահատվածում:





























