Ոսկու արդյունահանման մեջ օգտագործվող սնդիկը աղտոտում է սննդային մշակաբույսերը ոչ թե հողի մեջ ներծծվելով, ինչպես նախկինում կարծում էին, այլ անմիջապես մթնոլորտից: Նման եզրակացության են հանգել Կանադայի և Նիգերիայի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Biogeosciences գիտական հանդեսում:

Հետազոտությունն անցկացվել է Նիգերիայի տնայնագործական և ոսկու փոքրածավալ հանքավայրի մոտ գտնվող գյուղատնտեսական համայնքում: Գիտնականները համեմատել են հանքից 500 մետր հեռավորության վրա աճեցված բույսերը 8 կիլոմետր հեռավորության վրա աճեցված մշակաբույսերի հետ: Տարբերությունն ապշեցուցիչ էր. հանքի մոտակայքում տերևներում և հացահատիկներում սնդիկի մակարդակը 10-50 անգամ ավելի բարձր էր:

Սնդիկի կայուն իզոտոպների վերլուծության միջոցով հետազոտողներն առաջին անգամ ցույց են տվել, որ բույսերի աղտոտման հիմնական ուղին ոչ թե արմատներն են, այլ տերևները. բույսերը ֆոտոսինթեզի ընթացքում օդի հետ միասին բառացիորեն «ներծծում» են սնդիկը:

«Բույսերը կարևոր դեր են խաղում մթնոլորտից սնդիկը հեռացնելու գործում,- նշել է հետազոտության համահեղինակ Դեյվիդ ՄըքԼագանը Քուինսի համալսարանից: -Սակայն երբ խոսքը վերաբերում է ուտելի մշակաբույսերին, մարդու առողջության համար դա սպառնալիք է դառնում»։

Սնդիկի ամենաբարձր քանակները կուտակվում են տերևներում՝ այն հատվածներում, որոնք հաճախ սննդի մեջ օգտագործում են մարդիկ և կենդանիները։ Արմատային մշակաբույսերը, մասնավորապես՝ մանիոկը և հացահատիկները, ներառյալ եգիպտացորենը, պարունակում էին ավելի քիչ տոքսին, բայց դրանք ևս գերազանցում էին ֆոնային մակարդակները։ Չնայած մակարդակները մնում էին միջազգային սահմաններից ցածր, գիտնականները զգուշացնում են, որ իրական ռիսկերը կարող են ավելի բարձր լինել, քանի որ ստանդարտները հիմնված են տեղական սննդի սպառման իջեցված գնահատականի վրա։

Սնդիկը հզոր նեյրոտոքսին է։ Նույնիսկ ցածր չափաբաժինները՝ երկար ժամանակ ներգործելու դեպքում նյարդային համակարգի դիսֆունկցիա են առաջացնում, վատթարանցում են հիշողությանը և ուշադրությանը, և մեծացնում են սրտանոթային և վերարտադրողական հիվանդությունների վտանգը։

«Հանքագործները չեն դադարի սնդիկի օգտագործումը, մինչև էժան և մատչելի այլընտրանք չունենան»,- նշել է հետազոտության համահեղինակ, Լագոսի համալսարանի պրոֆեսոր Աբիոդուն Օդուկոյա Մերին։

Գիտնականները կոչ են անում վերանայել Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան (Հայաստանում վավերացվել է 2017 թվականին –խմբ.) մասին իրականացնելու միջազգային միջոցառումները։ Ներկայիս մոնիթորինգը հիմնականում ներառում է ջուրը, նստվածքը և ծովամթերքը, բայց ոչ գյուղատնտեսական արտադրանքը։ Նրանք նշել էն, որ ոսկու արդյունահանման տարածքներում օդի աղտոտվածությունը վերահսկելու համար անհրաժեշտ է անհապաղ նոր ռազմավարություններ մշակել, հակառակ դեպքում միլիոնավոր մարդիկ կարող են խրոնիկական թունավորման վտանգի տակ հայտնվել մի շարք սովորական սննդամթերքներից, մասնավորապես՝ եգիպտացորենից, մանիոկից և կանաչեղենից։