«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլում բացառվում է Ադրբեջնի կողմից ռազմական գործողությունները, քանի որ Ադրբեջանը գերազանց գիտակցում է, թե ինչ բարձր մարտունակություն ունեն Հայաստանի զինված ուժերը»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ եթե Մյունխենում կայանալիք հանդիպումը արդյունավետ չլինի , չի բացառվում տարածաշրջանոմ ռազմական գործողությունների վերսկսում:

Նրա խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումը ամենեւին էլ վերջինը չի լինի, ինչպես կանխատեսել է Ալիեւը, քանի որ բանակցային գործընթացի ճակատագիրը կախված է ոչ թե երկու երկրների նախագահներից, այլ նրանց «ավագ գործընկերներից»:

«Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները լեգիտիմ չեն, նրանց ձեռքերը կապված են»,-նշեց Մարտիրոսյանը, կարծիք հայտնելով, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունը նպատակ ունի բարոյական ճնշում գործադրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԵԱՀԿ համանախագաների վրա:

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե նոյեմբերի 22-ին Մյունխենում Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումն արդյունավետ չլինի, Ադրբեջանը կարող է գնալ խնդրի ռազմական լուծման ճանապարհով: