«Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ կսկսեն միայն այն դեպքում, երբ ինչ-որ մեկի ուղեղը չաշխատի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ: Նրա խոսքով, ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը կլինի մեծ եւ անհաջող ավանտյուրա: Այդ քայլին Ադրբեջանի նախագահը, ավելի հավանական է, չի գնա, քանի որ ի տարբերություն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, նա ռացիոնալ քաղաքական գործիչ է:
«Վրաստանում հնգօրյա պատերազմը պետք է օրինակ դառնա հարավ-կովկասյան երկրների համար, բոլորը պետք է գիտակցեն, որ Հարավային Կովկասը չի կարող դառնալ երկրոդ Բալկանները: Պատահական չէ, որ Վրաստանում պատերազմական գործողություններից հետո, Ադրբեջանը մի քանի ամիս մոռացել էր ռազմատենչ հայտարաությունների մասին»,-նշեց Մարկեդոնովը:
Նրա կարծիքով, Ալիեւի հայտարարությունը ներքին օգտագործման համար է, ինչպես նաեւ ուղղված է Արեւմուտքին, Ռուսաստանին եւ Թուրքիային, բայց ոչ մի դեպքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Այլ հարց է խոսել պատերազմի մասին, ուրիշ հարց` դիակներ ունենալ»,-ամփոփեց Մարկեդոնովը՝ հավելելով, որ Ալիեւը շարունակում է շահարկել պատերազմի գործոնը: Փորձագետը նշեց, որ ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը կողմերից ոչ մեկին էլ չեն աջակցում:
Հարցին, թե Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում ՀԱՊԿ-ն կաջակցի՞ Հայաստանին, Մարկեդոնովը խորհուրդ տվեց շատ լուրջ չմոտենալ ՀԱՊԿ-ին: «Ի՞նչ եք կարծում, Հայաստանին կպաշտպանեն Տաջիկստանը, Ղազախստանը կամ Ղրղզստանը ռազմական գործողությունների դեպքում: Դա նվազագույնը անլուրջ է: Ռուսաստանն անշուշտ կփորձի ինչ-որ ձեւով արձագանքել: Սակայն կրկնում եմ, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները քիչ հավանական են, Ալիեւի ճարատասանությունն ավելի շուտ դիվաագիտական քայլ է»,-ամփոփեց Մարկեոդոնովը:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե նոյեմբերի 22-ին Մյունխենում Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումն արդյունավետ չլինի, Ադրբեջանը կարող է գնալ խնդրի ռազմական լուծման ճանապարհով:




























