Միջազգային գործողության ընթացքում իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացրել Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի մի շարք երկրներում՝ թիրախավորելով ֆինանսական խարդախության և փողերի լվացման մեջ ներգրավված կասկածյալ հանցագործներին։ Դրանք իրականացվել են նաև Գերմանիայում: Այս մասին հայտնել է Գերմանիայի դաշնային քրեական գրասենյակը, հաղորդում է Deutsche Welle-ը:
Հետաքննիչների տվյալներով՝ կասկածյալները օգտագործել են 193 երկրների զոհերի բանկային քարտերի տվյալները։ Գործակալությունը հավելել է, որ հանցագործները կեղծ կայքերի միջոցով ստեղծել են առցանց ծառայություններին ավելի քան 19 միլիոն բաժանորդագրություն։
Խարդախները կասկածվում են նաև Գերմանիայի չորս խոշոր վճարային ծառայություններին անօրինական մուտք գործելու մեջ՝ դրանց միջոցով վճարումներ կատարելու համար։
Խուզարկություններ են անցկացվել Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Սինգապուրի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և Կիպրոսի բազմաթիվ վայրերում: Դաշնային քրեական գրասենյակը նշել է, որ մի քանի անձ է ձերբակալվել:
Քրեական ոստիկանության վարչությունը հավելել է, որ իրական վնասը կազմում է մի քանի հարյուր միլիոն եվրո։




























