Տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին, ծովափնյա Շարանտ դեպարտամենտի Օլերոն կղզում իր մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, հայտնում է BFMTV-ն։
Նա կալանքի տակ է վերցվել։
Միջադեպը տեղի է ունեցել Դոլու-դ'Օլերոն և Սեն-Պիեռ-դ'Օլերոն գյուղերի միջև։
Ճանապարհի եզրին գտնվող տասը մարդ՝ հետիոտներ և հեծանվորդներ են վիրավորվել, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։
Սեն-Պիեռ-դ'Օլերոնի քաղաքապետ Քրիստոֆ Սյուերը BFMTV հեռուստաալիքին հայտնել է, որ տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում և որ որոշ տուժածներ ուղղաթիռով կտեղափոխվեն Պուատիե։ Նա հավելել է, որ տուժածների մեջ երեխաներ չկան։
Ըստ BFMTV-ի տվյալների՝ մի քանի մարդու վրաերթի ենթարկելուց հետո վարորդը դուրս է եկել մեքենայից և փորձել է այրել այն։ Ոստիկանությունը, որն արագ է ժամանել դեպքի վայր, դժվարությամբ է ձերբակալել նրան։
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը BFMTV հեռուստաալիքին հայտնել է, որ կասկածյալը «շատ ուժեղ դիմադրություն» է ցուցաբերել։ Ոստիկաններն ստիպված են եղել էլեկտրաշոկային սարք կիրառել նրան հնազանդեցնելու համար։ Այդ պահին տղամարդը բացականչել է «Ալլահու Ակբար», հայտնում է Լա Ռոշելի դատախազությունը։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել կասկածյալի գործողությունների ճշգրիտ դրդապատճառների մասին։





























