Գերմանիայի արևմտյան Աախենի շրջանային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել պալիատիվ խնամքի բաժանմունքում բուժառուներին մահացու ներարկումներ կատարած բուժեղբորը, հայտնել է DPA լրատվական գործակալությունը։
«Դատարանը բուժեղբորը ցմահ ազատազրկման է դատապարտել տասը սպանության և սպանության 27 փորձի համար։ Դատարանը բուժեղբորը մեղադրել է առանձնապես ծանր հանցանքի համար, ինչը բացառում է 15 տարի անց ազատ արձակվելու հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Բուժեղբայրը ոճրագործությունները կատարել է 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի մայիսը Աախենի մոտ տեղակայված Վյուրսելենի կլինիկայում։ Նա կամավոր հանգստացնող դեղամիջոցներ է տվել ծանր հիվանդներին՝ նրանց «հանգստացնելու» և այդպիսով գիշերային հերթափոխի ընթացքում իր աշխատանքը հեշտացնելու համար։
Դատավարության ընթացքում բուժեղբայրը հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները և պնդել, որ բուժառուներին դեղորայք չի տրամադրել՝ նրանց կյանքը կրճատելու նպատակով։
Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացառում այն հնարավորությունը, որ բուժեղբայրը կարող է ավելի շատ հանցագործություններ կատարած լինել։ Ներկայում հետաքննություն է ընթանում նրա բժշկական կարիերայի ընթացքում մի քանի այլ կասկածելի դեպքերի առնչությամբ։ Հաղորդվում է, որ Աախենի դատախազությունը, հավանաբար, լրացուցիչ մեղադրանքներ կառաջադրի դատապարտված տղամարդուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բուժեղբոր զոհերի թվում են ոչ միայն անբուժելի հիվանդները, այլև նրանք, ովքեր արդեն ապաքինվում և պատրաստվում էին դուրս գրվել կլինիկայից։



























