Շվեդիայում կեղծված Լաբուբու տիկնիկներում վերարտադրողական առողջության համար վտանգավոր քիմիական նյութ է հայտնաբերվել, հաղորդում է Քիմիական նյութերի վերահսկողության գործակալությունը (Kemikalieinspektionen):

«Քիմիական արտադրանքի վերահսկողության գործակալությունը կեղծ Լաբուբու տիկնիկներում արգելված քիմիական նյութերի բարձր մակարդակ է հայտնաբերել։ Փորձարկված յոթ տիկնիկներից հինգի դեմքի պլաստիկը մեծ քանակությամբ դիէթիլհեքսիլֆթալատ կոչվող նյութ է պարունակել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հստակեցնում է գործակալությունը, այդ նյութը թունավոր է վերարտադրողական համակարգի համար, կարող է բացասաբար ազդել երեխա ունենալու ունակության և պտղի զարգացման վրա։ 1990-ականների վերջից Շվեդիայում արգելված է խաղալիքներում նմանատիպ նյութերի օգտագործումը, սակայն որոշ երկրներում այն օգտագործվում է որպես պլաստիկը փափկեցնելու էժան միջոց։

«Փոքր երեխաները հատկապես զգայուն են, քանի որ նրանց օրգանիզմը դեռ զարգանում է և նրանք հաճախ խաղալիքները տանում են բերանը, ինչը մեծացնում է այդ նյութը կուլ տալու ռիսկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը նաև հայտնել է, որ տարեսկզբից ի վեր Շվեդիայի մաքսային ծառայությունը դադարեցրել է ավելի քան 5300 կեղծ Լաբուբուի ներմուծումը։