Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի դեմ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն, հաղորդում է Նովոստի Գրուզիան։

Գախարիան Վրաստանի 2019-ից 2021 թվականներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ Մինչ այդ նա զբաղեցրել է ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները։

Մեղադրողը հայտարարել է, որ Գախարիային մինչև 13 տարվա ազատազրկում է սպառնում

Մեղադրական եզրակացությունը բաղկացած է երկու կետից՝

«Գավրիլովի գիշերվա» բողոքի ակցիայի դաժան ցրումը։ Այդ ժամանակ Գախարիան եղել է ՆԳՆ ղեկավար։ Հատուկ միջոցների, այդ թվում՝ ռետինե փամփուշտների համատեղ կիրառման հետևանքով, տասնյակ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի ֆիզիկական վնասվածքներ, այդ թվում՝ երկու քաղաքացի կորցրել է աչքը, ծանր վնաս է հասցվել ևս հինգ քաղաքացու առողջությանը։ Այն ժամանակ «Վրացական երազանքում» լիովին արդարացրել են Գախարիային և որոշ ժամանակ անց նրան բարձրացրել են վարչապետի պաշտոնի։ Այժմ Գախարիան մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և այնպիսի որոշումների համար, որոնց հետևանքով տուժել են մարդիկ և խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Չորչանա գյուղի շուրջ իրադարձությունները տեղի են ունեցել 2019 թվականի օգոստոսի 24-ին։ Գախարիան մեղադրվում է օկուպացիոն գծի երկայնքով լրացուցիչ անցակետ տեղադրելու կամայական, միակողմանի որոշում կայացնելու մեջ։ Դատախազի խոսքով՝ այս որոշումը Ցխինվալիի կողմից պատասխան գործողություններ է հրահրել և հանգեցրել է մոտ 100 հեկտար տարածքի կորստի։

Գախարիային մեղադրանք կառաջադրվի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը) և 333-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանության չարաշահում) հատկանիշներով։

Սա, հավանաբար, տեղի կունենա հեռակա կարգով. նախկին վարչապետը նախկինում փախել էր Վրաստանից՝ ձերբակալության սպասելով։ Նա այժմ գտնվում է եվրոպական երկրներից մեկում, սակայն կոնկրետ վայրը չի բացահայտվել։

Գախարիան հերքում է բողոքի ցույցը ցրելու համար ռետինե փամփուշտներ կիրառելու հրամանը։ Հրապարակային հայտարարություններում նա խորհուրդ է տվել հարցազրույց վերցնել նախկին գլխավոր դատախազից, Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավարից և «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիից՝ «ավելի լայն համատեքստը հասկանալու համար»։

Տարիներ անց «Վրացական երազանքը» պնդում է, որ Գախարիան կարողացել է կարիերա կառուցել Վրաստանի կառավարությունում՝ հասնելով վարչապետի պաշտոնին, «արտաքին ուժի ճնշման» ներքո։

Գախարիան հրաժարական է տվեկ վարչապետի պաշտոնից՝ վիճահարույց իրավիճակի ֆոնին, այն բանից հետո, երբ հրաժարվել է հաստատել «Ազգային շարժման» գրասենյակը գրոհելու ռազմական գործողությունը՝ այն ժամանակվա Միացյալ ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու համար։ Ավելի ուշ նա հիմնադրել է «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը։