Վաղարշապատում 14/13 հասցեում արդեն 2 ժամ 20 րոպե է, ինչ մեկնարկել է ընտրությունը, բայց արդեն պարզվել է, որ ցուցակները խայտառակ վիճակում են: Բնակիչներ կային, որ եկան, արձանագրեցին որ իրենց տան վրա գրանցված են տվյալ փողոցից մահացած բնակիչ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, 14/13 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում նշեց «Համահայկական ճակատ» կուսակցության վստահված անձ Ռուզան Ստեփանյանը։

«Նա զարմացավ, թե ինչպես կարող է իր տան վրա գրանցված լինել: Մեկ այլ բնակիչ արձանագրեց, որ իր տան վրա գրանցված է անհայտ ընտրող, որը ոչ վարձակալ է եղել, որի անուն-ազգանունը ոչինչ չէր ասում։ Ընդ որում, զարմացած էին, որ տան համասեփականատերը` իր կինը, չկարողացավ քվեարկել, հեռացավ այստեղից:

Մեկ այլ բնակիչը, որի որդին տարիներ շարունակ ՌԴ-ում է բնակվում, ներառված է ցուցակում, մեկ այլ քաղաքացու նույնականացման քարտը, որը որևէ խնդիր չուներ, այդպես էլ չի ճանաչվել, մեկ այլ բնակիչ ևս իր հասցեում անհայտ ընտրողներ են հայտնաբերել: Մեկ ուրիշն արձանագրեց, որ իր որդու անունը, որ երկար ժամանակ Ռուսաստանում է, գրանցված է ընտրացուցակում։ Ես չգիտեմ, այս ընտրացուցակներն ինչպե՞ս են կազմվել, որ ժողովրդավարության բաստիոնից այստեղ ընտրողներ են հայտնվել։ Դրա վկայությունը Մաշտոցի 44 հասցեից Խաչատրյան Արսենն է, ով իր հասցեում անհայտ ընտրող է գտել»,– ասաց նա։

«Մեր խնդիրը ոչ հանձնաժողովի, ոչ էլ ընտրողի հետ է մեր խնդիրը։ Ես հիմա դիմում եմ անձնագրային ծառայությանը, հետևեք, տեսեք, մարդիկ գալիս են, մեկը զարմացած, մյուսը՝ զայրացած հետ է գնում»,-ասաց նա։