Բանգլադեշի հակակոռուպցիոն հանձնաժողովը, դատարանի որոշմամբ, բացել է նախկին վարչապետ Շեյխ Հասինայի բանկային պահոցները և առգրավել 9,7 կգ ոսկե զարդեր: Դրա մասին հաղորդում է BSS գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության տվյալներին:

Հանձնաժողովի տվյալներով՝ երկու բանկերում բացվել են երեք պահոցներ՝ դատավորի, ֆինանսական հաստատությունների աշխատակիցների, հարկային ծառայության, կենտրոնական բանկի և հետախուզության ներկայացուցիչների ներկայությամբ: Մեկ չհրկիզվող պահարան դատարկ է եղել, իսկ մյուս երկուսում 4,9 և 4,8 կգ զարդեր են եղել: Փորձագետներն ուսումնասիրել են զարդերի կողքին թողնված թղթադրամները և ենթադրել, որ զարդերը պատկանում են Շեյխ Հասինային և նրա ընտանիքի անդամներին: Գույքագրումից հետո իրերը հանձնվել են բանկերի մասնաճյուղերի կառավարիչներին, որտեղ գտնված զարդերն ու փողը կպահվեն մինչև դրանց ճշգրիտ պատկանելության որոշումը և արժեքի գնահատումը, հաղորդում է ТАСС-ը:

2024 թվականի ամռանը Բանգլադեշում բռնկվեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ակտիվորեն մասնակցում էին ուսանողներ՝ մտահոգված գործազրկությամբ և հեռանկարների բացակայությամբ: Անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է մոտ 1400 մարդ։ Այդ տարվա օգոստոսին Շեյխ Հասինան փախել է երկրից և տեղափոխվել Հնդկաստան։ Նա բազմիցս հայտարարել է, որ ինքը ցուցարարների դեմ մահացու ուժի կիրառում չի հրամայել և պնդել է իր լիակատար անմեղությունը։

2025 թվականի նոյեմբերի 17-ին Բանգլադեշի դատարանը նախկին վարչապետին հեռակա կարգով դատապարտել է մահապատժի՝ մեղադրվելով մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, որոնք կապված են բողոքի ցույցերը ճնշելու հետ։