Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնել է Աֆղանստանից՝ երկու երկրների սահմանի մոտ հարձակման հետևանքով Չինաստանի երեք քաղաքացու մահվան մասին։

Ըստ նախարարության հայտարարության՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ի գիշերն Աֆղանստանի տարածքից զինված հարձակում է տեղի ունեցել «Շոխին ՍՄ» ՍՊԸ-ի աշխատակիցների վրա՝ Խաթլոնի շրջանի Շամսիդին Շոխին շրջանում գտնվող Յոլի սահմանային ջոկատի 1-ին Իստիկլոլ սահմանային դիրքի պատասխանատվության գոտում։

«Հրազենի և նռնակներով լցված անօդաչու թռչող սարքի օգտագործմամբ իրականացված հարձակման հետևանքով զոհվել են «Շոխին ՍՄ» ՍՊԸ-ի երեք աշխատակից, որոնք Չինաստանի քաղաքացիներ են»։

Չնայած Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանային շրջաններում անվտանգությունը պահպանելու և փոխշահավետ համագործակցության մթնոլորտ ստեղծելու՝ տաջիկական կողմի հետևողական ջանքերին, հարևան երկրում գործող հանցավոր խմբավորումները շարունակում են կատարել սահմանային գոտիներում իրավիճակը անկայունացնելուն ուղղված գործողություններ։

«Տաջիկական կողմը, խոր մտահոգություն հայտնելով, խստորեն դատապարտում է հանցավոր խմբավորումների այս նողկալի գործողությունները և Աֆղանստանի գործող իշխանություններին կոչ է անում արդյունավետ միջոցներ ձեռնարկելու երկու հարևան երկրի պետական ​​սահմանին կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է Տաջիկստանի ԱԳՆ-ն։