ԼՂ խնդրի կարգավորմանը նվիրված մյունխենյան բանակցությունների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից ցուցաբերվել է հզոր կամք: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Հիշեցնենք, որ Սերժ Սարգյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը կայացել է նոյեմբերի 22-ին Մյունխենում:

«Ես կարծում եմ, որ այսօր նշանակալի էր այն, որ երկու նախագահներն էլ աշխատեցին մեզ հետ: Նրանց ցանկությունն էր` քննարկել բավական բարդ ու բավականին հակասական կետեր եւ ես որպես համեմատաբար նոր մարդ այս գործընթացում, ենթադրում եմ, որ դա ամենից շատ տպավորիչ էր ինձ համար»,- BBC Russian-ին տված հարցազրույցում ասել է Բրադկեն:

NEWS.am-ն արդեն հաղորդել է, որ Մյունխենյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ կողմերը հասել են «կարեւոր առաջընթացի», սակայն դրա հետ միասին կողմերը հայտնաբերել են նաեւ որոշակի դժվարություններ: Ֆասիեն նաեւ նշել է, որ միջնորդները մտադիր են սկսել երկու նախագահների հաջորդ հանդիպումը, սակայն չի հստակեցրել թե կոնկրետ որտեղ պետք է այն կայանա:

Միաժամանակ համանախագահները կոչ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ձեռնպահ մնալ ռազմաշունչ հայտարարություններից: Հիշեցնենք, որ երկու նախագահների հանդիպումից անմիջապես առաջ Ալիեւը հանդես էր եկել միլիտարիստական հայտարարությամբ: մասնավորապես նա ասել էր, որ եթե այս հանդիպման ժամանակ էլ որեւէ արդյունք չգրանցվի եւ Բաքվի հույսերը չարդարանան, Ադրբեջանը «լրիվ իրավունք ունի ռազմական ճանապարհով ազատել իր հողերը»: