«Նովայա Գազետա Եվրոպա»-ի կողմից Aviaincident արդյունաբերական հեռուստաալիքի տվյալների հիման վրա կատարված հաշվարկների համաձայն՝ 2025 թվականի հունվարից մինչև նոյեմբերի վերջը ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների հետ կապված միջադեպերի թիվը տարեկան աճել է մոտ չորս անգամ՝ պատժամիջոցների և ներքին պահեստամասերի արտադրության բացակայության պատճառով։ Այս ժամանակահատվածում երկրում գրանցվել է ավելի քան 800 անսարքություն, որոնք հանգեցրել են չվերթների չեղարկման կամ արտակարգ իրավիճակների դադարեցման, 2024 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված նման միջադեպերի մի փոքր ավելի քան 200-ի համեմատ։
Օրինակ, նոյեմբերի 18-ին Nordwind ավիաընկերության Boeing 737-800-ի (Մոսկվա - Բոխթար չվերթ) արգելակները չեն աշխատել վայրէջքի ժամանակ։ «Ավիատորշչինա»-ն գրել է, որ լայների ավտոմատ արգելակման համակարգը խափանվել է և այն մի կերպ է մնացել վայրէջքի գոտու սահմաններում։ Կտրուկ արգելակման պատճառով անիվի պնևմատիկ շինան քանդվել է շասսիի հենարանի վրա, ինչպես նաև հիդրոհեղուկ է արտահոսել։ Երեք օր առաջ «Ռոսիա» ավիաընկերության SSJ100-ը (Վլադիվոստոկ - Բլագովեշչենսկ չվերթ) արտակարգ վայրէջք է կատարել Խաբարովսկում՝ աջ շարժիչի երեսպատման մասնակի անջատման պատճառով։ Պոկված մետաղական դետալները հետագայում հայտնաբերվել են երկու օդանավակայաններում՝ մեկնման և ժամանման վայրերում։ Օդանավում եղել է 95 մարդ և դա Superjet-ի հետ կապված արդեն երրորդ նման միջադեպն է եղել վերջին երկու տարվա ընթացքում։
Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի սկսվելուց հետո Արևմուտքը կոշտ պատժամիջոցներ է մտցրել ՌԴ-ի ավիացիոն ոլորտի նկատմամբ։ Ռուսական ավիաընկերություններին արգելվել է թռչել Եվրամիության և ԱՄՆ-ի տարածքներով, ինչպես նաև պահեստամասեր գնել օտարերկրյա լայներների համար (ինչպիսիք են Boeing-ը և Airbus-ը)։
Հոկտեմբերի սկզբին «Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովը հայտարարել է, որ «ըստ պեսիմիստական կանխատեսման»՝ առաջիկա հինգ տարիներին Ռուսաստանը կարող է զրկվել 339 ինքնաթիռից, այդ թվում՝ 109 օտարերկրյա օդանավերից։ «Բացի այդ, նախատեսում ենք հանել շահագործումից 200 ուղղաթիռ, որից 190-ը ներքին արտադրության ուղղաթիռներ են, իսկ 10-ը՝ օտարերկրյա», - ասել է նա։ Գերատեսչության տվյալներով՝ ներքին ավիաընկերությունների օդանավատորմը հաշվարկում է ընդհանուր 1135 օդանավ, որոնցից «ձեռքի տակ» են 1088-ը։
Ընթացիկ տարում ռուսական կոմերցիոն ավիացիայում տեղի է ունեցել արդեն երկու ավիավթար և երկու ավիաաղետ, որոնց հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 53 մարդ, հայտնել էին «Ռոստրանսնադզորից» հոկտեմբերին։ Դրանցից ամենամեծը եղել է հուլիսի վերջին «Անգարա» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռի կործանումը։
Օդանավը, որը Խաբարովսկից թռչում էր Ամուրի մարզի Տինդա, ընկել է նշանակետից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Աղետի զոհ են դարձել 43 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։ Ողբերգության պատճառի գլխավոր վարկածը անձնակազմի սխալն է, հայտնել էր Յադրովը։ Ընդ որում, կործանված ինքնաթիռը թողարկվել էր 1976 թվականին, այսինքն՝ արտակարգ դեպքի պահին նա գրեթե 50 տարեկան է եղեկ և գործնականում սպառել է արտադրողի կողմից հատկացված շահագործման ողջ ժամկետը։
Դեկտեմբերի 1-ից «Ռոստրանսնադզորը» ստուգումներ է անցկացրել 51 տարածաշրջանային ավիաընկերություններում՝ ավիացիոն միջադեպերի թվի աճի պատճառով։ Գերատեսչությանը նման հանձնարարական է տվել կառավարությունը՝ «փոխադրողների կողմից թույլ տրված օդային օրենսդրության խախտումների հետ կապված բացասական միտումներին» հակազդելու նպատակով։





























