Դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2006 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարն ի կատարումն Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի որոշման, 49 տարի ժամկետով կնքել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառպետության 4118 հեկտար և Եղեգիսի անտառպետության 3620 հեկտար տարածքների անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման, սահմանված ժամկետում պետական գրանցման չի ներկայացվել, հետևաբար՝ առոչինչ է:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, կառավարության նիստում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսով, Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի որոշման մեջ նշված հողերից՝

5330 հեկտարն այլևս Ընկերությանն անհատույց օգտագործման հանձնված չէ:

4118 հեկտարի և 3620 հեկտարի մասով կնքված պայմանագիրն առոչինչ է:

Հետևապես, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության այդ որոշումը:

Հավելեմ նաև, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին, այսօրվա դրությամբ, մուտքագրվել է 20 միլիարդ 678 միլիոն դրամ»: