2018 թվականից հետո անընդհատ ասվում էր՝ բա գույքերը ինչ եղավ և այլն, ես ասում էի՝ սիրելի հայրենակիցներ, ապօրինի գույքը մի փաթեթի մեջ, մի տեղում դրված չի, որպեսզի մենք գնանք դուռը բացենք, մի գործողությամբ վերցնենք, դրանք ամեն տեղ են, շատ տեղ են, տարբեր են, բազմաշերտ են, դրանք պետք է ուսումնասիրվեն, հայտնաբերվեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ էության մենք կարող ենք արձանագրել, որ դե յուրե մեխանիզմը ամբողջությամբ գործարկված է և այսօր, ի տարբերություն, ենթադրենք, հինգ տարի առաջվա ամենօրյա մեր աշխատանքում ջանքեր չենք գործադրում, որովհետև ինստիտուցիոնալ լուծումները դրված են և ինստիտուտները իրենց գործը պետք է անեն և անում են։ Այդ պրոցեսը անընդհատ ամենօրյա ռեժիմով աշխատում է։

Եթե կառավարության նիստի է հասել, դա նշանակում է ավարտվել է պրոցեսը, մենք դեռ չենք խոսում ընթացիկ գործընթացների մասին, որոնք ժամանակ են տևում, բայց մեկ է, դա անշրջելի է արդեն»,–ասաց նա։

Իր հերթին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց. «Այս մեխանիզմը պետք է դառնա ինքնաշխատ, այսինքն յուրաքանչյուր դեպքում մենք ստիպված ենք դեռևս գրագրություն շրջանառել։ Մենք ամենօրյա ռեժիմով անընդհատ գրագրություն ենք վարում և աշխատում ենք։ Ինձ համար շատ ցանկալի կլիներ, որ սա լիներ թվային, այսինքն անկախ նրանից, որ մենք միմյանց գրություններ կգրենք կամ իրար հետ այս թեմայով կաշխատենք, թե չէ, գույքերը ավտոմատ գրանցվեն։ Այս աշխատանքը հոգատարության կարիք ունի, որովհետև մենք հայցեր ենք ներկայացնում դատարան, գնում ենք դատարաններ, հետո գրանցում ենք այդ գույքերը, որոշակի խնդիրներ են լինում, գործընկերների հետ քննարկում, լուծում ենք։ Ինձ հուսադրում է, որ մարդիկ սկսել են նկատել ապօրինի հողազավթումները և մեզ այդ մասին ամենօրյա ռեժիմով են տեղեկացնում, հատկապես մանկապարտեզների հետ կապված։ Մենք այս պահին կենտրոնացած ենք անտառային տարածքների վրա, Սևանի ավազանի վրա, պուրակների վրա, մանկապարտեզների դպրոցների վրա, հաշվի առնելով, որ կառավարությունը լուրջ միջոցներ է ծախսում դպրոցաշինության և նախակրթական հաստատությունների շինարարության վրա։ Մենք ցանկանում ենք թեկուզ գույքային առումով ներդրում ունենալ և օգնել կառավարությանը։

Հիշեցնեմ, որ Դիլիջանում երկու մանկապարտեզ ենք արդեն այս ընթացքում վերադարձրել, Խաշթառակում մանկապարտեզի մի հատվածն ենք վերադարձրել և Տավուշի մարզի գյուղերից մեկում բավական մեծ տարածքով առողջարան է, որը գտնվում է մեր ուսումնասիրության ներքո։ Այս գործընթացը այլևս անշրջելի է, որովհետև մարզի դատախազներն էլ ամենօրյա ռեժիմով այս գործընթացն են իրականացնում»։

Վարչապետն էլ ընդգծեց. «Եթե իմ հիշողությունը և իմ տպավորությունը չի դավաճանում, հիմա օրինակ տասնյակ մանկապարտեզներ կան հերթի մեջ, որոնք քննության պրոցեսների մեջ են։ Սևանա լճի ավազանում հարյուրավոր հողակտորների մասին է նաև խոսքը, ամեն մեկի հետևից մենք սկզբունքորեն հատիկ առ հատիկ պետք է գնանք, ինչպես խոստացել ենք, և գնում ենք»։