Կառավարման ոլորտում մեր ֆորմուլաները պետք է վերանայենք, Հայաստանը հասել է զարգացման մի կետի, որ ինչպես հրթիռի դեպքում է, ինչ–որ պահի պետք է առաջին աստիճանի շարժիչները անջատվեն, պոկվեն, որովհետև իրենք նաև ծանրություն են և միանա երկրորդ աստիճանի շարժիչը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պետական մարմիններին լրացուցիչ գումար հատկացնելու նախագծի քննարկման ժամանակ։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշեց. «Մեր բոլոր քննարկումների հիմքում ընկած է եղել ուշադրությունը առավել կարևորի շուրջ կենտրոնացնելու հարցը։ Առաջնահերթությունների և դրանց գնահատման հիման վրա այս խրախուսական համակարգը հենց այդ նպատակին է ուղղված, և սա սկիզբ է նոր շրջանի, որտեղ մենք պետք է մեծ աշխատանք տանենք ֆունկցիոնալ օպտիմիզացիայի ուղղությամբ, և դա լինելու է մեր պետական բարձրավարման համակարգի հաջորդ կարևոր շրջափուլը բարեփոխումների»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Չեմ կարող հաղթահարել գայթակղությունը հետևյալ մեկնաբանությունը անելու. Տեսեք, ո՞րն է այս ամեն ինչի փիլիսոփայությունը, որ վարձատրությունը գործի գալու համար չի, վարձատրությունը պլանավորելու համար է, թե ի՞նչ եմ անելու ես այդ օրը, այդ շաբաթ, այդ ամիս, այդ կիսամյակում աշխատանքի գալով և ի վերջո, հետահայաց, իսկ ինչքանո՞վ արեցի այն, ինչ որ հստակ պլանավորված էր և արձանագրված էր որպես առաջնահերթություն։ Այս երկու բանաձևերի համադրությամբ էլ մենք առաջ ենք շարժվելու։

Այս պրոցեսի թիվ մեկ շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ով պետք է իր կյանքում զգա այս գործընթացի կոնկրետ արդյունքները, այսինքն ինչքան պոզիտիվ եղավ քաղաքացու զգացողությունը, այնքան էլ դա կարտահայտվի պետական մարմինների աշխատանքների գնահատման համակարգում»։

Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա նմիստում որոշեց 3,6 մլրդ դրամ հավելյալ գումար հատկացնել պետական մարմինների աշխատողների խրախուսման համար։