Թաիլանդի ռազմածովային ուժերը գործողություն են սկսել Տրատ նահանգում՝ կամբոջական զորքերը Թաիլանդի տարածքից վտարելու համար: Այս մասին հաղորդում է The Nation թերթը։
Թաիլանդի հետախուզությունը կամբոջական բանակի ուժերի և միջոցների կենտրոնացում է հայտնաբերել Թաիլանդի ինքնիշխան տարածքի սահմանամերձ շրջանում։ «Չնայած Թաիլանդի զսպվածությանը և երկխոսություն հաստատելու մշտական ջանքերին, կամբոջական ուժերը դուրս չեն բերվել Թաիլանդի տարածքից»,- հայտարարել է Ռազմածովային ուժերի մամուլի քարտուղար Փարաթ Ռաթանաչայփհանը։ «Ընդհակառակը, նրանք ուժեղացրել են իրենց ստորաբաժանումները հատուկ նշանակության խմբերով, դիպուկահարներով և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ինչպես նաև բարելավել են իրենց դիրքերն ու մարտավարական կառույցներն այնպիսի եղանակներով, որոնք ակնհայտորեն ազդում են Թաիլանդի ինքնիշխանության վրա»։
Ռաթանաչայփհանը նշել է, որ կամբոջական զորքերը պաշտպանական խրամատներ են փորել, տեղադրել են ծանր սպառազեն և օգտագործել են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ Թաիլանդի դիրքերի և ռազմական օբյեկտների վրա մշտական դիտարկում իրականացնելու համար։ «Երկրի անվտանգությունն ապահովելու և ինքնիշխանությունը պաշտպանելու համար Թաիլանդի Թագավորական ռազմածովային ուժերը և համապատասխան անվտանգության ծառայություններն այլընտրանք չունեին, քան ռազմական գործողություններ իրականացնել՝ կամբոջական ուժերին Թաիլանդի ինքնիշխան տարածքից դուրս մղելու համար»,- հավելել է նա։





























