Չինաստանի Ցզյանսու նահանգի Ուսի քաղաքում եզակի պատմամշակութային համալիր է գտնվում, որը համատեղում է Հուեյշան հին քաղաքը և Շիհուեյ այգին։ Այն արևելյան Չինաստանի ամենատպավորիչ վայրերից մեկն է, որտեղ պատմությունը, ճարտարապետությունը և բնությունը միաձուլվում են մեկ տարածքում (ֆոտոռեպորտաժ

Հուեյշան. Քաղաք, որտեղ ապրում է պատմությունը

Հուեյշանը հնագույն քաղաքը վերանորոգված պատմական շրջան է՝ նեղ փողոցների, քարե կամուրջների, ավանդական տների և տոհմական տաճարների ցանցով, որոնցից շատերը կառուցվել են դեռևս Մին և Ցին դինաստիաների ժամանակաշրջանում։

Հուեյշանը հայտնի է Չինաստանի ամենամեծ տոհմական սրահների համալիրով. այստեղ դրանք հարյուրից ավելի են։ Այս շենքերը նվիրված են Չինաստանի ամենահայտնի ազգանուններին և արտացոլում են նախնիների պաշտամունքի ավանդույթները, որոնք դարեր շարունակ արմատացած են եղել չինական մշակույթում։

Այստեղ պահպանվում է հնագույն Չինաստանի մթնոլորտը՝ արհեստագործական ապրանքներով խանութներ, կոր տանիքներով տներ, թեյարաններ և ավանդական արհեստանոցներ։

Սիհուեյ այգի. Բնության և ճարտարապետության ներդաշնակություն

Հին քաղաքի մոտակայքում է գտնվում Սիհուեյ այգին, որը Ուսիի ամենագեղատեսիլ կանաչ տարածքներից մեկն է։ Այգին հայտնի է իր դասական չինական այգիներով, բլուրներով, աղբյուրներով և տաղավարներով։

Այգու գլխավոր տեսարժան վայրը Ծիչան այգին է, որը ճանաչված է որպես դասական չինական այգեգործական արվեստի օրինակ։ Դրա ոլորուն արահետները, արհեստական բլուրները, լճակները և տաղավարները ստեղծում են մենության և հանգստի մթնոլորտ։

Այգու տարածքում է գտնվում նաև Վիշապի Լույսի պագոդան և ճոպանուղին, որտեղից բացվում են քաղաքի և շրջակայքի համայնապատկերային տեսարաններ։

Այսօր Հուեյշանը և Սիհուեյը դիտվում են որպես մեկ միասնական զբոսաշրջային գոտի։ Այստեղ մեկ օրում կարելի է զբոսնել հնագույն փողոցներով, այցելել տոհմական սրահներ և թանգարաններ, հանգստանալ այգիների և բամբուկե ծառուղիների ստվերում, բարձրանալ այգու դիտահարթակներ։

Հուեյշան-Սիհուեյ համալիրը հազվադեպ հնարավորություն է տալիս տեսնել Չինաստանի կենդանի պատմությունը ոչ թե թանգարանային ցուցանմուշների տեսքով, այլ իրական քաղաքային տարածքում։

Խորեն Գրիգորյան Ուսիից