Նյու Յորքի հարավային օկրուգի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Terraform Labs սթարտապի համահիմնադիր Դո Քվոնին խարդախության մեղադրանքով։ Այս մասին տեղեկացրել է Associated Press (AP) գործակալությունը։
Terraform Labs ընկերությունը, որը մշակում է TerraUSD եւ Luna թոկենները, հիմնադրվել է 2018թ.։ 2022թ. գարնանը այդ կրիպտոարժույթների գնի անկումը վնասներ պատճառեց ներդրողներին, որոնք գերազանցեցին 40 մլրդ դոլարը։ ԱՄՆ-ում գործարարին ներկայացվել է մեղադրանք ինը կետով, նրան վերագրվում է նաեւ դավադրություն՝ միջոցների լվացման նպատակով։ 2025թ. օգոստոսին Դո Քվոնը ընդունել է մեղքը երկու կետով՝ դավադրություն խարդախության կատարման նպատակով, ինչպես նաեւ խարդախություն՝ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ։
Ներկայացված մեղադրանքներով առավելագույն պատիժը 25 տարվա ազատազրկումն է։ Դատախազությունը գործարարի համար պահանջել է առնվազն 12 տարվա բանտարկություն, փաստաբանները պնդել են առավելագույնը 5 տարվա բանտարկության վրա՝ դա բացատրելով նրանով, որ իրենց հաճախորդին դրդել է ոչ թե ագահությունը, այլ TerraUSD թոկեններն առաջ մղելու ձգտումը։ Դատավորը «անհիմն» է համարել պաշտպանության կողմի դիրքորոշումը եւ հայտնել է, որ Դո Քվոնը հանցակից է «էպիկական մասշտաբի խարդախության»։
Դո Քվոնը ձերբակալվել է 2023թ. մարտին Չեռնոգորիայում, նրա արտահանձնումը միաժամանակ պահանջել են ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան։ 2024թ. վերջին նրան արտահանձնել են ԱՄՆ-ին։




























