Սպասվում է, որ նախագահ Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները երկուշաբթի օրը Բեռլինում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ՝ փորձելով համաձայնության հասնել Ուկրաինայում ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի շուրջ, Axios-ին հայտնել են Սպիտակ տան երկու պաշտոնյաներ։

Սպիտակ տունը համառորեն ձգտում է Ուկրաինայի հավանությունը ստանալ իր ծրագրի վերաբերյալ, սակայն տարածքային զիջումները, որոնք այն պահանջում է Կիևից, մնում են գլխավոր խոչընդոտը։

Ամերիկյան կողմը կարծում է, որ մնացած բոլոր հարցերը մոտ են լուծմանը և որ Զելենսկին, հնարավոր է, տարածքային հարցում առաջընթացի ուղի է առաջարկել։ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Զելենսկին հինգշաբթի օրվա հրապարակային ելույթների ժամանակ առաջարկել է, որ Ուկրաինան խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվե անցկացնի, որը կներառեր նաև տարածքային զիջում։

Պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն դա դիտարկում է որպես առաջընթաց։ Ռուսաստանը պնդում է, որ ցանկացած գործարքի համաձայն ինքը պետք է վերահսկի Դոնբասի ամբողջ տարածաշրջանը, չնայած այն հանգամանքին, որ Դոնբասի տարածքի մոտ 14%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։

ԱՄՆ-ը Ռուսաստանի պահանջը ներառել է իր ծրագրում՝ առաջարկելով այդ տարածքը վերածել ապառազմականացված գոտու։ Նույն հայտարարություններում Զելենսկին հասկացրել է, որ ծայրահեղ թերահավատորեն է վերաբերվում Դոնբասում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու ԱՄՆ-ի առաջարկին և փոփոխություններ ու պարզաբանումներ է պահանջում այլ հարցերով։

Ըստ նրա՝ այն հարցին, թե արդյոք արդարացի են այն փոխզիջումները, որոնք խնդրում են Ուկրաինային՝ «կպատասխանի Ուկրաինայի ժողովուրդը» հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով։ Նման քվեարկությունն առկա պայմաններում իրականացնելը չափազանց բարդ խնդիր կլիներ։

Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ եվրոպացիները ուրբաթ օրվա հանդիպման ժամանակ ասել են, որ եթե Զելենսկին առաջարկի տարածքում հանրաքվե անցկացնել, իրենք կաջակցեն դրան։ Այս վիրտուալ հանդիպման ժամանակ Ուիթքոֆը և Քուշները քննարկել են Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ ապառազմականացված գոտի ստեղծելու ծրագիրը։

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ այս քննարկումները և հինգշաբթի օրվա ամերիկա-ուկրաինական բանակցությունների վերջին փուլը բավարար առաջընթաց են ցույց տվել՝ համոզելով Թրամփին ուղարկել Ուիթքոֆին և Քուշներին Եվրոպա։

«Նրանք հավատում են, որ կարող է լինել խաղաղություն հաստատելու հնարավորություն և նախագահը վստահում է նրանց», – ասեկ է Սպիտակ տան երկրորդ ներկայացուցիչը։

Բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել այն անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք Ուկրաինան կստանա ԱՄՆ-ից և Եվրոպայից։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ի Հոդված 5-ի վրա հիմնված երաշխիքներ, որոնք կհաստատվեն Կոնգրեսի կողմից և կունենան իրավական պարտադիր ուժ։

«Մենք ցանկանում ենք ուկրաինացիներին անվտանգության երաշխիքներ տրամադրել, որոնք, մի կողմից, դատարկ խոսք չեն լինի, բայց, մյուս կողմից, կլինեն բավականին հուսալի։ Մենք պատրաստ ենք այդ փաստաթուղթն ուղարկել Կոնգրես՝ քվեարկության համար», — ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ կկնքվեն երեք առանձին համաձայնագրեր՝ խաղաղության, անվտանգության երաշխիքների և վերականգնման վերաբերյալ և որ վերջին բանակցությունները ուկրաինացիներին առաջին անգամ տվել են «ապագայի մասին ամբողջական պատկերացումը»։ Աղբյուրի խոսքով՝ հետպատերազմյան տնտեսության և վերականգնմանն ուղղված միջոցառումների փաթեթի շուրջ բանակցությունները հաջողությամբ են ընթանում։

Մի քանի եվրոպական ղեկավարներ Զելենսկուն խորհուրդ են տալիս չշտապել գործարք կնքելու հարցում, հատկապես այնպիսին, որը նրան ստիպում է զիջել տարածք, որը Ուկրաինան իրականում չի կորցրել մարտի դաշտում։ Անհասկանալի է նաև, թե արդյոք Ռուսաստանը կհամաձայնի ընդունել ԱՄՆ-ի առաջարկները։ Զելենսկին հինգշաբթի օրը հայտարարել է, որ ամերիկյան կողմը կցանկանար «լիակատար փոխըմբռնման» հասնել այս ծրագրի շուրջ մինչև Սուրբ Ծնունդ։