Շաբաթ օրն ավելի քան 400 իրավապահ է ներգրավվել ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Բրաունի համալսարանում հրաձգության կասկածյալի որոնումներում։ Հրաձգության հետևանքով զոհվել է երկու ուսանող, ևս ինը մարդ վիրավորվել է, հայտնում է Reuters-ը։
Պրովիդենս քաղաքում գտնվող Բրաունի համալսարանը ԱՄՆ ամենահեղինակավոր մասնավոր բուհերից է և մտնում է Բաղեղի լիգայի մեջ։
Համալսարանը մի քանի ժամ փակ է մնացել այն բանից հետո, երբ զինված կասկածյալը ներխուժել է մասնաշենք, որտեղ ուսանողները քննություն էին հանձնում։
Հրաձգությունից ժամեր անց համալսարանական տարածքի հարակից փողոցները լցված էին շտապօգնության մեքենաներով, իսկ քաղաքում անվտանգության միջոցառումները խստացվել էին, քանի որ իրավապահները շարունակում էին որոնումները։
Ըստ պաշտոնյաների, կասկածյալը դեռ ազատության մեջ է։ Ոստիկանությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի գործակալների հետ համատեղ սանրում էր համալսարանին հարակից փողոցներն ու շենքերը՝ նրան գտնելու համար։
Պրովիդենսի ոստիկանապետի տեղակալ Տիմոտի Օ'Հարան ասել է, որ կասկածյալի ինքնությունը պարզված չէ։ Պաշտոնյաները հայտարարել են, որ կհրապարակեն կասկածյալի տեսագրությունը. խոսքը մոտ 30 տարեկան, սև հագուստով տղամարդու մասին է, որը, ըստ Օ'Հարայի, հնարավոր է՝ դիմակով է եղել։
Նա նշել է, որ պաշտոնյաները դեպքի վայրից պարկուճներ են հայտնաբերել, սակայն ոստիկանությունը պատրաստ չէ մանրամասներ հաղորդել։ Պաշտոնյաները հայտնել են, որ հրաձիգը դիմել է փախուստի Բրաունի համալսարանի Բարուս ընդ Հոլի ինժեներական մասնաշենքում ուսանողների ուղղությամբ կրակելուց հետո, որտեղ քննությունների ժամանակ արտաքին դռները բաց են եղել։
Ըստ Բրաունի համալսարանի առողջապահական ծառայության տվյալների, ինը վիրավորներից յոթի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Բուհն ունի հարյուրավոր շենքեր, այդ թվում՝ լսարաններ, լաբորատորիաներ և հանրակացարաններ։ Ըստ տեղական իշխանությունների, կասկածյալը փախուստի է դիմել ռեստորաններով և սրճարաններով լի սովորաբար մարդաշատ փողոցով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ իրեն զեկուցել են իրավիճակի մասին, որը նա անվանել է «սարսափելի»։
«Այս պահին մենք կարող ենք միայն աղոթել զոհերի և նրանց համար, ովքեր լրջորեն տուժել են», - ասել է նա։