Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը բախվել է հասարակական վրդովմունքի «ցունամիի», երբ հազարավոր հունգարներ քայլերթով շարժվել են դեպի Բուդապեշտի կենտրոնում գտնվող նրա գրասենյակը՝ ի պատասխան այս շաբաթ հրապարակված տեսագրությունների, որտեղ անչափահաս իրավախախտների պետական կենտրոններում կալանավորները ենթարկվում են դաժան ֆիզիկական բռնության, հայտնում է Euroactiv-ը։

Ցնցող բացահայտումները հրապարակվել են համազգային ընտրություններից ընդամենը չորս ամիս առաջ։

Օրբանն արձագանքել է տեսագրության հրապարակմանը չորեքշաբթի՝ հանձնելով անչափահասների կալանքի կենտրոնները ոստիկանության վերահսկողությանը և սկսելով պաշտոնական քննություն դաժան վերաբերմունքի փաստի շուրջ։ Սակայն այս քայլերը չկարողացան մեղմել վրդովմունքը, որն, ընդդիմության առաջնորդների կարծիքով, պայմանավորված է անչափահասների պետական կենտրոններում համակարգային քայքայմամբ։

«Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր այստեղ են եկել, որպեսզի խոսեն երեխաների պաշտպանության կենտրոնների և այնտեղ ապրող երեխաների մասին», — ասել է կենտրոնամետ ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը՝ բողոքող բազմության առաջ շաբաթ երեկոյան ունեցած իր ելույթում։

Մադյարը, հղում անելով կառավարական զեկույցին, այս շաբաթ ավելի վաղ հայտարարել էր, որ «պետության խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր հինգերորդ երեխա պաշտոնապես ենթարկվում է դաժան վերաբերմունքի», սակայն Օրբանի գրասենյակը վիճարկել է այս պնդումը։

Մադյարը համարվում է Օրբանի գլխավոր մրցակիցն առաջիկա ընտրություններում։