Գվատեմալայի արևմտյան Սոլոլա դեպարտամենտի Նահուալայի մունիցիպալիտետում տեղի ունեցած զինված բախման հետևանքով 13 մարդ է զոհվել, հայտնում է Prensa Libre-ն։

«Քաղաքապետ Մանուել Զեպ Կարիլյոն հայտարարել է, որ քաղաքապետարանը սգում է բախման ժամանակ զոհված 13 բնակիչների մահը», - հաղորդել է Prensa Libre-ն՝ Նահուալայում տեղի ունեցած հիշատակի արարողությունից։

Բախումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին, Նաուալա և Սանտա Կատարինա Իշտահուական համայնքների միջև վիճելի սահմանի շրջանում։ Կիրակի օրը Նաուալայի կենտրոնական զբոսայգում տեղի է ունեցել զոհերի հրաժեշտի արարողությունը. 13 հոգու դագաղներ են  ցուցադրվել հրաժեշտի համար, իսկ հուղարկավորությունները նախատեսված են տեղի մի քանի գերեզմանատներում։ Զոհերի հարազատների և համայնքային իշխանությունների տվյալներով՝ զոհերի տարիքը 14-ից 70 տարեկան է, նրանց թվում, ենթադրաբար, կա անչափահաս։

Իշխանությունները դիտարկում են տեղի ունեցածի մի քանի վարկած։ Կառավարության հիմնական վարկածը զինված խմբերի կողմից իրականացված հարձակումն է, որոնք գործում են օրենքից դուրս, Նաուալայի և Սանտա Կատարինա Իշտահուականի միջև առկա տարածքային վաղեմի վեճի ֆոնին։ Ավելի վաղ երկրի կառավարությունը հայտարարել է, որ հնարավոր է կազմակերպված հանցավորություն է ներթափանցել այս հակամարտության մեջ։ Համայնքների ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ փոխհրաձգության զոհերը եղել են տեղի բնակիչները, ովքեր հայտնվել են մարտական գործողությունների գոտում։

Միջադեպի ֆոնին կառավարությունը երկու համայնքներում էլ Կանխարգելիչ ռեժիմ (Estado de Prevención) է մտցրել՝ 15 օր ժամկետով։ Տարածք են ուղարկվել բանակի և ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ, իսկ դատախազությունը հետաքննություն է իրականացրել։ Իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են վերականգնել կարգը և կանխել բռնության հետագա սրացումը՝ ընդգծելով, որ վերջնական եզրակացությունները կարվեն դատաբժշկական փորձաքննությունների և քննչական գործողությունների ավարտից հետո։