Ամերիկացի միլիարդատեր և Pershing Square ներդրումային հիմնադրամի ղեկավար Բիլլ Էքմանը 100 հազար դոլար է նվիրաբերել այն տղամարդուն, ով զինաթափել է Սիդնեյի Բոնդայ լողափում հրաձգություն իրականացրած կասկածյալներից մեկին, հայտնում է բրիտանական Daily Mail թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Կիրակի օրը news.com.au պորտալը, հղում անելով X սոցցանցի օգտատերերի կողմից հրապարակված տեսանյութին, հայտարարել է, որ անցորդը զինաթափել է Սիդնեյի լողափում հրաձգություն իրականացնող կասկածյալին՝ մոտենալով նրան թիկունքից և խլելով հրազենը։ Հրապարակմանը կից տեղադրված է տեսագրության հղումը, որում երևում է, թե ինչպես է տղամարդը զենք վերցնում հրաձգություն կատարողից։ Պորտալի տեղեկություններով՝ պատահական անցորդը եղել է 43-ամյա մրգերի վաճառող Ահմեդ ալ-Ահմեդը։ 7news թերթը, հղում անելով տղամարդու զարմիկին, հայտնել է, որ Ահմեդը նույնպես վիրավորվել է միջադեպի հետևանքով և տեղափոխվել հիվանդանոց։
Էքմանի սոցցանցի հրապարակումների համաձայն՝ միլիարդատերը GoFundMe հարթակում նրա համար դրամահավաք է սկսել։
«Էքմանն արդեն 100 հազար դոլար է նվիրաբերել Ահմեդին», – գրում է պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Կիրակի օրը չարագործները կրակ են բացել Սիդնեյի Բոնդայ լողափում գտնվող մարդկանց վրա։ Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության տվյալներով, դրանք երկու տղամարդիկ են եղել, 50 և 24 տարեկան՝ հայր և որդի։ Հրաձգության հետևանքով 16 մարդ, այդ թվում՝ հարձակվողներից մեկը զոհվել է․ տուժել է 40 մարդ։ Իսրայելական Kan հանրային ռադիոհեռուստաընկերությունը հստակեցրել է, որ կրակոցները տեղի են ունեցել Խանուկայի մոմերը վառելու արարողության ժամանակ, որի ժամանակ հավաքվել են տեղի հրեական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ինչպես ավելի ուշ հայտնել է նահանգի ոստիկանությունը, ահաբեկչության վայրից առգրավվել են երկու ակտիվացված ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք հետագայում վնասազերծվել են սակրավորների կողմից։





























